Վերջին ամիսներին ռուսական բանակի ավելի դաժան, մասշտաբային և կործանարար գնդակոծությունները, որոնք միտված են իրականացնելու Վլադիմիր Պուտինի՝ ուկրաինացիների դիմադրությունը կոտրելու ցանկությունը, հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի կտրուկ աճին։ Սեպտեմբերին այդ թիվը 85%-ով ավելի է եղել, քան մեկ տարի առաջ. 328 զոհ և 2105 վիրավոր, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում։

ՄԱԿ-ի հաշվարկներով՝ սա պատերազմի ավելի քան չորս տարիվա ընթացքում սեպտեմբերյան ամենաբարձր ցուցանիշն է։ Կիևում խաղաղ բնակչության շրջանում զոհեր գրանցվել են 30 օրերից 22-ին՝ ավելի հաճախ, քան ներխուժումից հետո որևէ այլ ամսում. զոհվել է 32 մարդ, վիրավորվել՝ 340-ը։ Մարդիկ զոհվել են հիմնականում հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի պատճառով։ Patriot համակարգերի համար ամերիկյան որսիչ հրթիռների մատակարարումները զգալիորեն կրճատվել են, ինչը ճանապարհ է բացել ռուսական բալիստիկ հրթիռների համար։ Իսկ քաղաքներն անօդաչու թռչող սարքերից պաշտպանելու հակաօդային պաշտպանության հնարավորությունները նվազել են Ռուսաստանի՝ ռեակտիվ ԱԹՍ-ների կիրառման պատճառով։

Գնդակոծությունների ինտենսիվացման պատճառով սեպտեմբերին զոհերի աճը զգալիորեն գերազանցել է տարվա սկզբից ի վեր գրանցված ցուցանիշը, որն ինքնին նույնպես զգալիորեն ավելի բարձր է եղել, քան նախկինում։ Հունվարից սեպտեմբեր Ուկրաինայում զոհվել է 2570 մարդ, տուժել՝ 15 հազար 211-ը. սա 59%-ով ավելի է, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում (և ավելի քան երկու անգամ ավելի, քան 2024 թվականին)։ Ռուսաստանն ամբողջ Ուկրաինայում իրականացնում է «էլեկտրաէներգետիկայի և ջերմամատակարարման օբյեկտների դեմ լայնածավալ համակարգված հարձակումներ», ինչը սպառնում է ձմռան մոտենալուն զուգընթաց խորացնելու քաղաքացիական բնակչության տառապանքները, արձանագրում է ՄԱԿ-ը։