Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին Կիևին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն, ասվում է նախագահի թելեգրամյան ալիքում հրապարակված գրառման մեջ։
«Հաջորդ տարի պատերազմը կարժենա 155 միլիարդ եվրո։ Եվ մեզ առնվազն 70 միլիարդ լրացուցիչ եվրո է անհրաժեշտ ձեզնից՝ պաշտպանության, զենքի և մեր կայունության համար։ Սա իրատեսական գումար է», - ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը իր ելույթում հայտարարել է Զելենսկին՝ թելեգրամյան ալիքում հրապարակված տեսանյութի։
Ըստ նրա՝ լրացուցիչ ֆինանսավորումը Ուկրաինային հնարավորություն կտա զսպել Ռուսաստանին և ուժեղացնել ճնշումը նրա տնտեսության վրա։
Զելենսկին նշել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերն օգնում են կանգնեցնել ճակատում ռուսական գրոհների մեծ մասը և կտրել ռուսական զորքերի մատակարարման ուղիները։
Նա հավելել է, որ Ուկրաինան կարող էր երկու-երեք անգամ ավելացնել անօդաչու սարքերի արտադրությունը՝ կախված դրանց տեսակից, սակայն դրա համար նրան միջոցներ չեն բավարարում։
«Պարզապես պատկերացրեք, եթե մենք կարողանայինք Ռուսաստանի վրա երկու-երեք անգամ ավելի մեծ ճնշում գործադրել, քան այսօր»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Նա միաժամանակ ԵՄ-ին կոչ է արել 2028 թվականից սկսվող ժամանակահատվածի համար բլոկի բյուջեում նախատեսել ուկրաինական բանակի և պաշտպանական տեխնոլոգիաների ներդրումը եվրոպական անվտանգության ապահովման գործում։
«Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։





























