Հայաստանում հոկտեմբերի 17-ին մեկնարկում է «Mining Armenia Forum 2026»-ը, որը երրորդ տարին անընդմեջ անցկացվում է «Ռեսուրսներից՝ հնարավորություններ» կարգախոսով։

Այս տարվա ֆորումի առանձնահատուկ նորույթներից է արհեստական բանականության կիրառումը, որի միջոցով կամփոփվեն քննարկումների արդյունքները և կմշակվեն հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված գործնական առաջարկներ։

Միջոցառումը համախմբում է հանքարդյունաբերության և հարակից ոլորտների շուրջ 50 ներկայացուցչի, որոնց թվում են միջազգային հանքարդյունաբերական ընկերություններ, ֆինանսական կառույցներ, ներդրողներ, պետական գործիչներ, կայուն զարգացման փորձագետներ, տեխնոլոգիական մատակարարներ, ինչպես նաև գիտական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Ֆորումի ծրագրով նախատեսված է նաև շուկաների վերլուծության և բնական ռեսուրսների ոլորտի զարգացման գործում մասնագիտացած միջազգային կազմակերպությունների մասնակցություն։

Այս տարի ֆորումն ընթանում է COP17-ի՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախօրեին, որը հյուրընկալվելու է Հայաստանում։ Ռազմավարական հումքի, էներգետիկ անցման, կենսաբազմազանության պահպանման և բնական ռեսուրսների պատասխանատու օգտագործման շուրջ միջազգային ուշադրության աճի ֆոնին Հայաստանը վերածվում է կարևոր հարթակի, որտեղ քննարկվելու են հանքարդյունաբերության ապագան, տարածաշրջանային համագործակցությունն ու ռեսուրսների կայուն յուրացումը։

Ֆորումը միաժամանակ կոչված է նպաստելու միջազգային գործարար կապերի հաստատմանն ու փորձի փոխանակմանը։ Երկօրյա քննարկումների ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ոլորտի զարգացման հեռանկարները քննարկելու ընկերությունների ղեկավարների, ներդրողների, ֆինանսական ու տեխնոլոգիական կազմակերպությունների, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։

«Mining Armenia Forum 2026»-ը կազմակերպում են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամն ու Հայաստանի հանքագործների և մետալուրգների ասոցիացիան։ Ֆորումի ռազմավարական հովանավորներն արդեն երրորդ տարին անընդմեջ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու «Լիդիան Արմենիա»-ն են, իսկ գլխավոր հովանավորներն են «Ամերիաբանկ»-ն ու «Թեղուտ» ՓԲԸ-ն։