ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկել է քաղաքական երկխոսության ամրապնդմանը, առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր։ Այս մասին վարչապետը հայտարարել է Երևանում կայացած բանակցությունների արդյունքներով Ժապարովի հետ համատեղ ելույթի ժամանակ։
«Մենք վերահաստատեցինք բարձր և բարձրագույն մակարդակներով կանոնավոր շփումների կարևորությունը, ինչպես նաև արտաքին քաղաքական գերատեսչությունների և համապատասխան պետական մարմինների միջև համագործակցությունը ակտիվացնելու պատրաստակամությունը»,— նշել է Հայաստանի վարչապետը։
Նրա խոսքով՝ կողմերն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում խաղաղության, կայունության ու անվտանգության ամրապնդման հարցերին։
Այս համատեքստում Փաշինյանն ընդգծել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված Վաշինգտոնյան հռչակագրի, ինչպես նաև Ղրղզստանի, Տաջիկստանի ու Ուզբեկստանի միջև պետական սահմանի վերաբերյալ պայմանագրերի կարևորությունը։
«Համոզված ենք, որ տարածաշրջանային խաղաղության ամրապնդումը նոր հնարավորություններ է բացում տնտեսական գործակցության և տրանսպորտային կապերի զարգացման համար»,— շեշտել է Փաշինյանը։
Կողմերը պայմանավորվել են զարգացնել կրթության, գիտության, տեխնոլոգիաների և երիտասարդական քաղաքականության ոլորտներում իրականացվող փոխգործակցությունը։ Մասնավորապես՝ նախատեսվում է խրախուսել ուսանողների, դասախոսների ու հետազոտողների փոխանակման ծրագրերը, ինչպես նաև ընդլայնել համատեղ կրթական ու գիտական նախագծերը։
Վարչապետը հայտնել է նաև 2027–2028 թվականներին երկու երկրներում Հայաստանի և Ղրղզստանի մշակույթի օրեր անցկացնելու մտադրության մասին։ Նա կարևորել է շրջակա միջավայրի պահպանության, լեռնային շրջանների կայուն զարգացման, կլիմայի փոփոխությանը հարմարվելու և կենսաբազմազանության պահպանման ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացումը։
Բանակցությունների արդյունքներից մեկն էլ դարձել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության և Ղրղզստանի բնական պաշարների, բնապահպանության ու տեխնիկական վերահսկողության նախարարության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որն ուղղված է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանման ոլորտում համագործակցությանը։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ժապարովին պաշտոնական այցի և կառուցողական բանակցությունների համար՝ համոզմունք հայտնելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը կամրապնդի երկկողմ գործակցությունն ու երկու երկրների ժողովուրդների բարեկամական կապերը։











