Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հայտարարել է Հայաստանի հետ առևտրի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության և տրանսպորտի ոլորտներում գործակցությունն ընդլայնելու լայն հնարավորությունների մասին։ Այս մասին նա նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։

«Մենք լայն հեռանկարներ ենք տեսնում առևտրի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության խորացման համար։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերը, հատկապես կարևորագույն ուղղություններից մեկը հանդիսացող տրանսպորտային ոլորտում, թույլ կտան ընդլայնել տարանցիկ ներուժն ու հասնել շոշափելի արդյունքների»,— ասել է Ժապարովը։

Նրա փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են ղրղզ-հայկական հարաբերությունների ներկա վիճակն ու դրանց զարգացման հետագա հեռանկարները։ Ղրղզստանի նախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին երկու պետությունների միջև քաղաքական երկխոսությունն ակտիվացել է՝ ձևավորելով բաց ու կառուցողական գործընկերություն։

Ժապարովը բանակցությունների առանցքային ձեռքբերումներից է համարել քաղաքացիների տեղաշարժին, կենսաթոշակային ապահովմանը, կրթությանը, գիտությանն ու անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրումը։ Նրա գնահատմամբ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կամրապնդեն գործակցության իրավական հիմքերը և փոխգործակցության նոր հնարավորություններ կստեղծեն։

Ղրղզստանի նախագահն առանձնահատուկ կարևորել է Իսիկ Կուլ և Սևանա լճերի պահպանմանն ուղղված համագործակցության համաձայնագիրը։

«Այս եզակի լճերը ոչ միայն անգին բնական հարստություն են, այլև մեր ժողովուրդների ազգային ժառանգության անբաժանելի մասը, որոնք սերտորեն շաղկապված են նրանց պատմությանը, մշակույթին ու կենսակերպին։ Դրանք պահպանելն ու գալիք սերունդներին փոխանցելը մեր ընդհանուր պատասխանատվությունն է»,— շեշտել է նա։

Ժապարովը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ջերմ ընդունելության համար և Փաշինյանին հրավիրել պաշտոնական այցով ժամանել Ղրղզստան, ինչպես նաև մասնակցել 2027 թվականի հոկտեմբերի 21-23-ը Բիշքեկում կայանալիք Լեռների համաշխարհային 25-րդ գագաթնաժողովին։

Ղրղզստանի նախագահն իր Հայաստան կատարած այցը պատմական է որակել, քանի որ սա Ղրղզստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է հանրապետություն։ Նա վստահություն է հայտնել, որ այցի արդյունքները կնպաստեն երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը։