Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են սուպերտանկերի վրա տեղի ունեցած պայթյունի և խոշոր հրդեհի մասին։ Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ այն բախվել է ծովային ականի, հաղորդում է Mehr գործակալությունը։

ԻՀՊԿ հայտարարության համաձայն՝ նավը փոխադրում էր ավելի քան 2 միլիոն բարել հում նավթ և փորձել է նեղուցը հատել Իրանի իշխանությունների կողմից չարտոնված երթուղով։

Իրանցի զինվորականները պնդում են, որ նավթատարն անջատել էր նավիգացիոն ու ռադիոլոկացիոն համակարգերը և նեղուցով անցնելիս Իրանի հետ գործողությունները համակարգելու փոխարեն ապավինել էր ամերիկացի զինվորականների աջակցությանը։ ԻՀՊԿ-ում նշել են, որ հենց այդ քայլերն են հանգեցրել միջադեպին։

«Հորմուզի նեղուցը փակ է։ Նեղուցում իրանական կարգերն արհամարհող նավերը կկլանվեն հենց այն ամերիկյան ահաբեկիչ զինվորականների կրակով, որոնց աջակցությանն այդպես սխալմամբ ապավինել էին»,— ասված է Իրանի ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։