Ամերիկացի նախկին ռազմական դիպուկահար Նիկ Բեթսը հայտնել է, որ ԱՄՆ էլիտար ստորաբաժանման զինծառայողները, իբր, բախվել են երեք մարդակերպ սողունների հետ Նևադայում, «Գոտի 51» բազայից ոչ հեռու գտնվող գաղտնի ստորգետնյա օբյեկտում, գրել է Daily Mail-ը։
Նրա խոսքով՝ գործողության ընթացքում զոհվել է ամերիկացի զինվոր, որը խոցվել է էներգետիկ զենքից։ Սակայն այս պատմության որևէ ապացույց չի ներկայացվել, իսկ ԱՄՆ պաշտոնական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ այլմոլորակային կյանքի գոյության ֆիզիկական ապացույցներ չկան։
Liberty Risk փոդքասթի համահաղորդավար Բեթսը պնդում է, որ այս պատմությունը լսել է ԱՄՆ Միացյալ հատուկ գործողությունների հրամանատարության (JSOC) անանուն զինծառայողից։ Նրա խոսքով՝ զինվորականը տեղի ունեցածի մասին պատմել է Լեհաստանում խնջույքի ժամանակ, որտեղ նրանք մասնակցում էին Ուկրաինայի պատերազմի մասին վավերագրական ֆիլմի աշխատանքներին։

Ըստ Բեթսի պատմածի՝ ստորաբաժանումը կանչվել է Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրեգ ռազմաբազայից՝ «Գոտի 51»-ից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող ստորգետնյա օբյեկտում հրատապ առաջադրանք կատարելու համար։ Պատճառը, իբր, օբյեկտի հետ կանոնավոր ռադիոկապի դադարեցումն էր։ Ավելի վաղ այնտեղ ուղարկված արագ արձագանքման խումբը նույնպես չէր վերադարձել։
Զինծառայողներին, ըստ Բեթսի աղբյուրի, տրամադրել էին փորձարարական զենք, որը սովորական փամփուշտների փոխարեն կրակում էր էներգետիկ իմպուլսներով։ «Գոտի 51»-ի տարածքում հրահանգավորումից հետո նրանց Black Hawk ուղղաթիռով հասցրել էին երկար ստորգետնյա թունելի մուտքի մոտ։
Այնտեղ մոտ վեց հոգուց բաղկացած խումբը, իբր, բախվել է մի արարածի, որը նկարագրվում էր որպես երկոտանի, սողուն հիշեցնող արտաքինով և նմանատիպ սարքով զինված։ Փոխհրաձգության ընթացքում ամերիկացի զինվորներից մեկը կրծքավանդակին հարված էր ստացել և զոհվել։ Մյուս զինծառայողները, ինչպես պնդվում է, պատասխան կրակ են բացել և սպանել հակառակորդին։ Աղբյուրի խոսքով՝ գործողության ընթացքում հայտնաբերվել և ոչնչացվել են բոլոր երեք արարածները։

Բեթսը նաև հայտարարել է, որ զոհված զինվորի մարմինը դիակիզել են հենց տեղում՝ չնայած ծառայակիցների բողոքներին, քանի որ նա կաթոլիկ էր։ Նրա վարկածով՝ հետագայում տեղի ունեցածը ներկայացվել է որպես դժբախտ պատահար զորավարժությունների ժամանակ, որի հետևանքով զինծառայողի մարմինն այրվել է։ Փրկվածներին, իբր, ստիպել են ստորագրել չբացահայտման մասին փաստաթղթեր և նրանց հետ անցկացրել են կենսաչափական ստուգում։
Ինքը՝ Բեթսը, խոստովանել է, որ սկզբում կարող էր պատմությունը հորինված համարել, քանի որ զրուցակիցը ալկոհոլային հարբածության վիճակում էր։ Սակայն, նրա խոսքով, հաջորդ առավոտ մեկ այլ զինվորական, որն, իբր, մասնակցել էր գործողությանը, կտրուկ արձագանքել է այլմոլորակայինների մասին հիշատակմանը․ բռնել է նրա վզից, սեղմել պատին և պահանջել այլևս երբեք չխոսել այդ մասին։ Բեթսը պնդում է, որ դրանից կարճ ժամանակ անց իրեն հեռացրել են վավերագրական ֆիլմի նախագծից։
Այս պատմությունը անկախ աղբյուրներով չի հաստատվել։ «Գոտի 51»-ը փակ ռազմական օբյեկտ է, որը վաղուց կապվում է չճանաչված թռչող օբյեկտների և գաղտնի տեխնոլոգիաների մասին դավադրության տեսությունների հետ։ Ռեպտիլոիդ այլմոլորակայինների մասին պատկերացումները, որոնք, իբր, գաղտնի կառավարում են Երկիրը, լայն տարածում են ստացել կոնսպիրոլոգ Դևիդ Այքի շնորհիվ XX դարի վերջին։





























