Հնդկաստանում կալանավորել են երիտասարդական «Խավարասերների կուսակցության» (Cockroach Janta Party) հիմնադիր Աբհիջիթ Դիպկեին, որին ոստիկանները բերման էին ենթարկել Դելիում նախատեսված բողոքի ակցիայի նախօրեին, հաղորդում են NDTV և India Today հեռուստաալիքները։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ակտիվիստին մեկուսացրել են հասարակական կարգի հնարավոր խախտումները կանխելու նպատակով։ Շաբաթ օրը նրան պետք է ներկայացնեն հատուկ գործադիր դատավորին։
Ուրբաթ օրը Դելիում բողոքի ցույց էր տեղի ունեցել. հարյուրավոր քաղաքացիներ՝ ազգային դրոշներով, պահանջում էին երկրի գլխավոր ընտրական հանձնակատար Գյանեշ Կումարի հրաժարականը։ Ընդդիմադիրները, ուսանողական միություններն ու «Խավարասերների կուսակցության» կողմնակիցներն այս ամիս գրեթե ամենօրյա ռեժիմով փողոց են դուրս գալիս՝ պնդելով, որ ընտրական իշխանությունները ցուցակները ձևափոխում են հօգուտ վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորած իշխող «Բհարատիյա ջանատա փարթի»-ի (ԲՋՓ)։
Ցուցարարների խոսքով՝ ցուցակների վերանայման արդյունքում ընտրելու իրավունքից փաստացի զրկվել է ավելի քան 130 միլիոն մարդ։ Ընտրական հանձնաժողովը հերքում է կողմնակալության բոլոր մեղադրանքները՝ վստահեցնելով, որ սխալմամբ դուրս մնացածները կարող են նորից գրանցվել։ Իշխող կուսակցությունն իր հերթին հակադարձում է՝ ընդդիմախոսներին մեղադրելով օրինական ընտրական գործընթացները վարկաբեկելու փորձերի մեջ։
Շաբաթ օրն ազատ է արձակվել նաև ուսանողական շարժման ակտիվիստներից Նեհա Բորան, որին բերման էին ենթարկել դեպի Դելիի կենտրոն շարժվելիս։ Ազատության մեջ հայտնվելուն պես նա կրկին պահանջել է պաշտոնանկ անել Գյանեշ Կումարին և դադարեցնել ընտրացուցակների «զտումները», ինչը, նրա համոզմամբ, անհրաժեշտ է քաղաքացիների ընտրական իրավունքը պաշտպանելու համար։
Ինչ վերաբերում է Դիպկեին, նրան ոստիկանները բռնել էին տնից դուրս գալու պահին և կարճ վիճաբանությունից հետո տարել ծառայողական մեքենայով։ Իրավապահները նախապես զգուշացրել էին նրան չանցկացնել ակցիան։ Դիպկեն բողոքի երթ էր կազմակերպել՝ ի պաշտպանություն կուսակցության երկու այլ առաջնորդների, որոնց այս շաբաթ 5 օրով կալանավորել էին արգելված վայրում հավաք անցկացնելու համար։
Հատկանշական է, որ տարեսկզբին այս նույն շարժման բազմաշաբաթյա նստացույցի արդյունքում պաշտոնանկ էր արվել Հնդկաստանի կրթության նախարար Դհարմենդրա Պրադհանը։ Դեպքը տեղի էր ունեցել քննական թեստերի արտահոսքի շուրջ բռնկված մեծ աղմուկից հետո։





























