Բանգլադեշի հարավ-արևելքում գտնվող ծովափնյա հանգստավայրերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, ևս չորսը՝ վիրավորվել։ Այս մասին, հղում անելով հրշեջ ծառայության իր աղբյուրին, հաղորդում է Associated Press-ը։

Հրդեհը բռնկվել է առավոտյան՝ Քոքս Բազար շրջանի Ինանի հատվածում գտնվող Tuptup Resto and Resort համալիրում, որը տեղացի զբոսաշրջիկների սիրված հանգստավայրերից է։ Համալիրը տեղակայված է Բենգալյան ծոցից ոչ հեռու։

Շրջանային հրդեհային անվտանգության և քաղաքացիական պաշտպանության ծառայության ներկայացուցիչ Սայեդ Մոհամմադ Մուրշեդ Հոսեյնի փոխանցմամբ՝ կրակն արագորեն տարածվել է եռահարկ փայտե շինությունում։

Զոհվածների թվում երեխաներ կան։ Նրանց տարիքի և մահվան հանգամանքների վերաբերյալ այլ մանրամասներ գերատեսչության ներկայացուցիչը չի հայտնել։

Հրդեհի բռնկման պատճառն առայժմ հայտնի չէ։