Գերմանական «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) կուսակցության պատգամավորների երկու աշխատակիցներ ծեծկռտուք են սարքել Բունդեսթագի շենքերից մեկում, հաղորդում է Der Spiegel-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ երկուսն էլ եղել են ալկոհոլի ազդեցության տակ, իսկ վիճաբանությունը դադարեցնելու համար ստիպված է եղել միջամտել խորհրդարանական ոստիկանությունը։

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ հոկտեմբերի 14-ի ուշ երեկոյան, Ռայխստագի հարևանությամբ գտնվող «Յակոբ Կայզեր Հաուս» (Jakob-Kaiser-Haus) մասնաշենքում, որտեղ տեղակայված են Բունդեսթագի բազմաթիվ պատգամավորների աշխատասենյակները։

Ինչպես հայտնում է Der Spiegel-ը՝ վկայակոչելով խորհրդարանի իր աղբյուրները, վեճն այնքան է թեժացել, որ ստիպված են եղել կանչել խորհրդարանական ոստիկանությանը։ Ժամը 23:20-ի սահմաններում իրավապահները դադարեցրել են ծեծկռտուքն ու արձանագրել, որ երկու մասնակիցներն էլ ոչ սթափ վիճակում են։

Պարբերականի փոխանցմամբ՝ տեղի ունեցածի փաստով ստուգումներ են սկսվել։ Բունդեսթագի մի քանի աղբյուրներ հաստատել են միջադեպի մասին տեղեկությունը։

ԱԳՀ խմբակցության ներկայացուցիչը Der Spiegel-ի հարցմանն ի պատասխան նշել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ կատարվածի մասին։