Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին հայտարարել է, որ իր պաշտոնավարումը կավարտվի 2030 թվականին, և բացառել է նախագահական լիազորությունների ժամկետը երկարաձգելու որևէ հնարավորություն։ Այս մասին նա հայտնել է շաբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին, Եգիպտոսի ռազմական ակադեմիայի շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողության ժամանակ, հաղորդում է եգիպտական Ahram Online պարբերականը։

«2030 թվականը կլինի իմ նախագահության ավարտը։ Այս հարցը վերջնականապես լուծված է»,— հայտարարել է ալ-Սիսին։

Եգիպտոսի ղեկավարը նաև ընդգծել է, որ երկրի սահմանադրությունը կմնա անփոփոխ։ Նրա այս հայտարարությունը հնչել է իշխանության ղեկին մնալու ժամկետի հնարավոր երկարաձգման շուրջ քննարկումների ֆոնին, քանի որ նախագահի որոշ աջակիցներ հրապարակայնորեն կողմ էին արտահայտվում նրա՝ 2030 թվականից հետո պաշտոնավարելուն։

Ալ-Սիսին ներկայացրել է նաև ռազմական ակադեմիայի հենքի վրա երկրի ապագա առաջնորդների պատրաստման ծրագիր ստեղծելու առաջարկը։ Այն ստեղծում է նախագահի պաշտոնի հավակնորդներ, ինչպես նաև կառավարությունում, խորհրդարանում և պետական այլ հաստատություններում աշխատելու համար մասնագետներ։ Նախատեսվում է, որ ուսուցումը կտևի մինչև 30 ամիս և կներառի ավելի քան 7,5 հազար ժամ։

Նա շեշտել է, որ Եգիպտոսին անհրաժեշտ են պատրաստված մարդիկ, ովքեր ի վիճակի կլինեն ստանձնել պետության կառավարման պատասխանատվությունը։ Նրա խոսքով՝ ռազմական ակադեմիան պետք է օգնի ձևավորել ապագա ղեկավարների նոր սերունդ, իսկ ծրագրի ծախսերը կհոգան զինված ուժերը։

Ալ-Սիսին Եգիպտոսի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2014 թվականից։ 2019-ի սահմանադրական փոփոխություններից հետո նրա ընթացիկ՝ երրորդ ժամկետը պետք է ավարտվի 2030 թվականի ապրիլին։ Այդ փոփոխությունները նրան հնարավորություն տվեցին առաջադրվել երրորդ ժամկետով և նախագահական լիազորությունների տևողությունը չորս տարուց հասցրին վեցի։