Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերի մասնակիցները շաբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին, կարճ ժամանակով ներխուժել են երկրի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Մարսելի քաղաքապետարանի շենք։ Ոստիկանությունը միջամտել է և կասեցրել ներթափանցումը, դեպքի վայրից հաղորդել է AFP-ի թղթակիցը։

Դիմակավորված ցուցարարները մետաղե արգելապատնեշներով կոտրել են շենքի մուտքի դուռը, և նրանցից մի քանիսին հաջողվել է ներս սողոսկել։ Ներխուժածներից մեկն անգամ հասցրել է պատին պատկերել անարխիստների նշանը (շրջանագծի մեջ առնված «A» տառը), ինչից հետո անմիջապես վրա են հասել ոստիկանները։

Շենք մտնելու պահին ցուցարարներից մեկը գոռացել է՝ «Մենք գրավում ենք Բաստիլը»՝ ակնարկելով 1789 թվականի հուլիսի 14-ին փարիզյան բանտ-ամրոցի գրոհը, որով ազդարարվել էր Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը։

Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բողոքի մեծ ալիք է բարձրացել. մարդիկ փողոց են դուրս եկել՝ դժգոհելով վառելիքի ու էներգակիրների գների կտրուկ աճից և կառավարության տնտեսական քաղաքականությունից։