Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ երկիրը, հավանաբար, ստիպված կլինի վերադառնալ պարտադիր զինվորական ծառայությանը։ Այս մասին նա հայտնել է հոկտեմբերի 17-ին Բոննում Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) և Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) երիտասարդական կազմակերպության համագումարում, հաղորդել է Deutschlandfunk-ը։

«Մենք ներդրել ենք զինվորական ծառայության այս նոր մոդելը կամավոր հիմունքներով։ Ես չեմ ուզում առաջ ընկնել և կանխորոշել գնահատման արդյունքները, բայց պատահական չէ, որ զինվորական պարտականության վերադարձը ներառել ենք մեր նախընտրական ծրագրում», — ասել է Մերցը։

Նոր մոդելը ենթադրում է կամավոր զինվորական ծառայություն, սակայն իշխանությունները հույս ունեն ավելացնել բունդեսվերի թվաքանակը և չեն բացառում պարտադիր զորակոչը, եթե ծառայել ցանկացողների թիվը բավարար չլինի։ Բարեփոխման շրջանակում 18 տարեկանի հասած տղամարդիկ պետք է լրացնեն ծառայելու պատրաստակամության մասին հարցաթերթիկ, իսկ 2008 թվականին և ավելի ուշ ծնված երիտասարդների համար նախատեսված են բուժզննումներ։

Գերմանիայի կառավարությունը ձգտում է էապես մեծացնել զինված ուժերի թվաքանակը Եվրոպայում անվտանգության իրավիճակի վատթարացման ֆոնին։ Իշխանությունները մտադիր են զինծառայողների թիվը հասցնել 260 հազար մարդու, իսկ պահեստազորի թվաքանակը՝ 200 հազար մարդու՝ մինչև 2030-ականների կեսերը։

Գերմանիայում պարտադիր զորակոչը հանվել էր 2011 թվականին։ Դրան վերադառնալը շարունակում է մնալ քաղաքական քննարկումների առարկա. իշխանությունները պետք է գնահատեն, թե արդյոք կամավոր մոդելը թույլ կտա ներգրավել բավարար թվով նորակոչիկներ։