Ամերիկացի մի քանի հանրապետական օրենսդիրներ քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Ռուսաստանի դեմ մի շարք նոր պատժամիջոցների կիրառումը կասեցնելու վերաբերյալ, որոնք նախատեսված էին սեպտեմբերին նրա ստորագրած օրենքով, գրել է The Hill-ը։
Քննադատությունը հնչել է այն բանից հետո, երբ Սպիտակ տան ղեկավարը ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ վկայակոչելով ԱՄՆ ազգային շահերը։
«Սա վեր անպատասխանատվության բոլոր սահմաններից», — X սոցիալական ցանցում գրել է Հյուսիսային Կարոլինայից հանրապետական սենատոր Թոմ Թիլիսը։ Նա նաև հիշեցրել է, որ Սենատը օրենքն ընդունել է 86 ձայնով՝ 11-ի դեմ, և վարչակազմին մեղադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զիջումների գնալու մեջ։
«Սենատի կողմից 86-ը 11-ի դեմ ընդունված օրենքի կատարման ո՞ր մասն է անհասկանալի նախագահին և նրա խորհրդականներին։ Աններելի է, որ այս վարչակազմը կապիտուլյացիայի է ենթարկվում ռուս դիկտատորի առաջ, որն անօրինականորեն ներխուժել է Ուկրաինա և ամեն օր սպանում է խաղաղ բնակիչների», — հայտարարել է Թիլիսը։
Տեխասից սենատոր Ջոն Քորնինը նույնպես դեմ է հանդես եկել նախագահի որոշմանը։ Մեկնաբանելով տեղի ունեցածը՝ նա գրել է. «Լինդսին ցնցված կլիներ»։ Նա նկատի ուներ հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմին, որի պատվին անվանվել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքը։ Նեբրասկայից հանրապետական կոնգրեսական Դոն Բեքոնը հայտարարել է, որ Թրամփի գործողությունները ոչ թե մոտեցնում են պատերազմի ավարտը, այլ երկարաձգում այն։
Սեպտեմբերին Թրամփի ստորագրած օրենքը նախատեսում է պատժամիջոցներ և լրացուցիչ մաքսատուրքեր ռուսական էներգակիրների խոշոր գնորդների, ինչպես նաև սահմանափակումները շրջանցելուն օգնող երկրների նկատմամբ։ Սակայն նախագահի հրամանագիրը թույլ է տալիս հրաժարվել փաստաթղթով նախատեսված մի շարք միջոցների կիրառումից։ Թրամփն այս որոշումը բացատրել է ԱՄՆ ազգային շահերով և հայտնել, որ Կոնգրես է ուղարկել համապատասխան հիմնավորումը։
Հրամանագրին դեմ են արտահայտվել նաև դեմոկրատները։ Սենատոր Ռիչարդ Բլյումենթալը որոշումն անվանել է «փոքրոգի և վախկոտ» ու հայտարարել, որ այն կապված չէ ազգային անվտանգության հետ, այլ ուղղված է Պուտինին հաճոյանալուն։ Կոնգրեսական Դոն Բայերն, իր հերթին, մեղադրել է նախագահին Ուկրաինային դավաճանելու և օրենսդիրների կամքն անտեսելու մեջ։
Որոշումն ընդունվել է Վաշինգտոնի և Մոսկվայի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածության ֆոնին, որը Ռուսաստանին թույլ է տվել դիզելային վառելիք վաճառել ամերիկյան և համաշխարհային շուկաներում։
Համաձայնագիրը քննադատության ալիք է բարձրացրել ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների շրջանում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Փիրս Մորգանի հարցազրույցում հայտնել է, որ իրեն դավաճանված է զգում ԱՄՆ առաջնորդի որոշման պատճառով։





























