«Դու չես կարող այսպես մեռնել»․ այս միտքը հանգիստ չէր տալիս հնդիկ օդաչու Սմիթ Մաչհարին, երբ նրա երկրորդ օդաչուն Flydubai-ի ինքնաթիռի խցիկում, որը իսրայելցի ուղևորների էր տեղափոխում Թել Ավիվ, վթարային կացնով հարվածում էր նրա գլխին։ Հարձակումից հետո Sky News Arabia հեռուստաալիքին տված առաջին հարցազրույցում Մաչհարը պատմել է իր ապրածի մասին՝ տեղի ունեցածը որակելով որպես տրավմատիկ փորձառություն։

Այժմ օդաչուն հիվանդանոցում է՝ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Նրա գլխին և ձեռքին վիրակապեր կան։

Նրա խոսքով՝ ծոծրակին հասցված առաջին հարվածից հետո նա գրեթե ոչինչ չէր տեսնում․ տեսադաշտը նեղացել էր մինչև մի քանի սանտիմետր։ Սկզբում Մաչհարը մտածել էր, թե ինքնաթիռի առաստաղից ինչ-որ մաս է պոկվել, սակայն հետո ևս մի քանի հարված է ստացել։ Փորձելով պաշտպանվել՝ նա նաև վնասել է ձեռքը։

Չնայած վնասվածքներին՝ օդաչուն փորձել է բացել խցիկի դուռը, որպեսզի ներս թողնի մյուս օդաչուին, որը գտնվում էր ուղևորների մեջ։ Մաչհարը նրան օգնության էր կանչում և սեղմում դուռը բացելու անջատիչը։ Նրան հաջողվել է բացել դուռը, սակայն կարճ ժամանակ անց դուռը կրկին փակվել է։

«Ես զգում էի, թե ինչպես է արյունը ցած հոսումև, ինչպես է ողջ էներգիան լքում ինձ։ Ես հազիվ էի գիտակցությունս պահպանում», — պատմել է նա։

Շուտով Մաչհարը լսել է, որ շարժիչների աղմուկը նվազել է, ապա զգացել է, որ ինքնաթիռը կտրուկ իջնում է։ Նրա խոսքով՝ գործընկերը, որի միջամտությամբ հաջողվել է վերահսկողության տակ վերցնել իրավիճակը և անվտանգ իջեցնել օդանավը, առանձնահատուկ հարգանքի է արժանի։

«Սա այն է, ինչ ես կհիշեմ ողջ կյանքիս ընթացքում», — ասել է օդաչուն։

Սեպտեմբերի վերջին Flydubai ընկերության երկրորդ օդաչուն դեպի Թել Ավիվ կատարվող չվերթի ժամանակ վթարային կացնով հարձակվել էր օդանավի հրամանատարի վրա։ Անձնակազմի և օդանավում գտնվող օդաչուի գործողությունների շնորհիվ հաջողվել է խուսափել աղետից։