Կանադայում՝ Ալբերտա նահանգի Ուեյնրայթ ռազմական բազայում, խոշոր հրդեհ է տեղի ունեցել, որի հետևանքով կան զոհեր և տուժածներ։ Այս մասին հոկտեմբերի 17-ին հայտարարել է Կանադայի ազգային պաշտպանության նախարար Դևիդ Մակգինթին՝ չհստակեցնելով զոհերի թիվը և դեպքի հանգամանքները, տեղեկացնում է City News-ը։

Մակգինթին իրավիճակը անվանել է ծայրաստիճան լարված և նրբանկատ։ Ըստ նրա, իշխանությունները դեռևս պարզում են, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել արտակարգ ծառայություններին և բոլոր նրանց, ովքեր օգնություն են ցուցաբերում տուժածներին։

Ավելի վաղ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտնել էր լուրջ միջադեպի մասին, որը խոշոր հրդեհ է առաջացրել ռազմական բազայում։ Նա աջակցություն է հայտնել զինծառայողներին և մյուս մարդկանց, որոնք տուժել են տեղի ունեցած միջադեպից։

Ալբերտայի վարչապետ Դանիել Սմիթը նույնպես հայտարարել է խոշոր հրդեհի մասին, որն անդրադարձել է ռազմական անձնակազմի վրա։ Ընդդիմության առաջնորդ Պիեռ Պուալիևրը հայտնել է, որ տեղի ունեցածը քննարկել է Քարնիի և Մակգինթիի հետ և կոչ է արել աղոթել Ուեյնրայթի բնակիչների համար։

Ուեյնրայթի մունիցիպալ շրջանի տվյալներով, ուժեղ քամու պատճառով կրակը արագ է տարածվել։ Քաղաքից հարավ բռնկված հրդեհը հատել է ռազմական բազայի ցանկապատը։ Արտակարգ ծառայությունները շարունակում են աշխատանքը՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով մարդկանց, բնակելի տների և այլ շինությունների պաշտպանությանը։

Դեպքի պատճառը, հրդեհի առաջացման հանգամանքները, ինչպես նաև զոհվածների և տուժածների ճշգրիտ թիվն առայժմ անհայտ են։ Կանադայի զինված ուժերը, Ազգային պաշտպանության նախարարությունը և այլ դաշնային գերատեսչություններ իշխանությունների հետ համատեղ համակարգում են օգնությունն ու պարզում տեղի ունեցածի մանրամասները։

Կանադայի զինված ուժերի Ուեյնրայթ բազան երկրի ռազմական պատրաստության խոշորագույն կենտրոններից մեկն է, որտեղ զինծառայողները վերապատրաստվում են մարտական գործողություններին մասնակցելու համար։ Բազայում ծառայում է ավելի քան հազար զինվորական, այնտեղ աշխատում են նաև քաղաքացիական աշխատակիցներ։