ԱՄՆ-ում շաբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին, անցկացվել են «Ոչ թագավորներին» շարժման հարյուրավոր ակցիաներ, որը հանդես է գալիս նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ, հայտնում է NBC News-ը։

Կազմակերպիչները կոչ են արել ամերիկացիներին վաղաժամ քվեարկել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, որոնք տեղի կունենան նոյեմբերի 3-ին։

Միջոցառումները տեղի էին ունենում ամբողջ երկրի քաղաքներում և փոքր բնակավայրերում։ Կազմակերպիչները հայտարարել են, որ ակցիաները կրում են ոչ կուսակցական բնույթ, սակայն հույս ունեն շարունակել մոբիլիզացնել այն քաղաքացիներին, որոնք դժգոհ են Թրամփի նախագահությունից։ Դրանք դարձել են «Ոչ թագավորներին» կարգախոսով գրեթե երկամյա բողոքի արշավի մի մասը։

Վաշինգտոնում Լինքոլնի հուշահամալիրի մոտ հավաքվել էին մի քանի հարյուր մարդ։ Չնայած ցուրտ եղանակին՝ մասնակիցները երաժշտության ներքո պարում էին և պահում էին պաստառներ՝ վաղաժամ քվեարկելու կոչերով և քաղաքացիների ընտրական իրավունքներին միջամտություն թույլ չտալու պահանջներով։

Ատլանտայում կայացած հանրահավաքում քաղաքային խորհրդի անդամ Մայքլ Ջուլիան Բոնդը հավաքվածներին կոչ է արել համոզել մյուս ամերիկացիներին գալ ընտրությունների։ Նա հիշեցրել է, որ ձայնի իրավունքը քաղաքացիների՝ երկրի ապագայի վրա ազդելու կարևորագույն հնարավորություններից մեկն է։

«Սահմանադրությունը ձեզ մեկ ուժ է տալիս, այնպես չէ՞։ Դա քվեարկելու ուժն է։ Դուք պատրաստվո՞ւմ եք օգտվել դրանից», — ակցիայի մասնակիցներին դիմել է Բոնդը։ Նա ձայնի իրավունքը համեմատել է կոմիքսների հերոսների գերհնարավորությունների հետ և կոչ է արել ամերիկացիներին գնալ ընտրատեղամասեր։

Ակցիաներն անցկացվել են քվեարկության կանոնների շուրջ վեճերի ֆոնին։ Թրամփը վաղուց հանդես է գալիս փոստով քվեարկության դեմ և առանց ապացույցների պնդում է, թե կեղծիքները իրեն զրկել են 2020 թվականի նախագահական ընտրություններում հաղթանակից։

Հինգշաբթի օրը Թրամփի վարչակազմը հայց է ներկայացրել Կալիֆոռնիայի ընտրական մարմինների դեմ։ Այն դատարանին խնդրել է միջանկյալ ընտրություններում չհաշվառել այն մարդկանց փոստով ուղարկված քվեաթերթիկները, որոնց դաշնային իշխանությունները համարում են «հավանական» ոչ քաղաքացիներ, մինչև նրանց ներգաղթային կարգավիճակի հաստատումը։

Ուրբաթ օրը ԱՄՆ արդարադատության նախարարությունը նման ընտրողների քվեաթերթիկները մշակող և հաշվարկող տեղական պաշտոնյաներին նախազգուշացրել է քրեական քննության և հնարավոր հետապնդման ռիսկի մասին։ Նույն օրը դեմոկրատ սենատորներ Ալեքս Պադիլյան, Շելդոն Ուայթհաուսը և Դիկ Դուրբինը նամակ են ուղարկել գլխավոր դատախազ Թոդ Բլանշին՝ պահանջելով երաշխավորել, որ նախարարությունը չի առգրավի քվեաթերթիկները և ընտրական այլ նյութերը մինչև միջանկյալ ընտրությունների արդյունքների պաշտոնական հաստատումը։