ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Ֆրանսիայում անկարգությունները կապել է արևմտյան երկրների միգրացիոն քաղաքականության հետ։ Իր հայտարարությունը նա հրապարակել է X սոցիալական ցանցում՝ այն ուղեկցելով Լիմոժ քաղաքում այրվող քաղաքապետարանի տեսագրությամբ։
«Արևմտյան լիբերալները բազմազանության և կարեկցանքի անունից Ֆրանսիա և այլ երկրներ են բերել երրորդ աշխարհի մարդկանց։ Նրանք անտեսել են ասիմիլյացիայի և համատեղելիության հիմնարար հարցերը։ Նրանց զգուշացրել էին, որ դա կհանգեցնի նման հետևանքների, սակայն նրանք ականջ չդրեցին», — գրել է Վենսը։
Նա հույս է հայտնել, որ Ֆրանսիան կկարողանա կանգնեցնել տեղի ունեցողը, նախքան կրակը կոչնչացնի այլ պատմական հուշարձաններ։
«Ես աղոթում եմ, որ Ֆրանսիան՝ հրաշալի երկիր հրաշալի մարդկանցով, կանգնեցնի այս խելագարությունը, նախքան կայրվեն մյուս տեսարժան վայրերը», — հավելել է ամերիկացի փոխնախագահը։
Վենսը նաև դիմել է ամերիկացիներին՝ կոչ անելով ուշադրություն դարձնել Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձություններին։ Ըստ նրա, հենց այսպիսի ապագա են ԱՄՆ-ի համար ցանկանում Դեմոկրատական կուսակցության կոնգրեսականները։
Հայտարարությունը հնչել է այն անկարգությունների ֆոնին, որոնք հոկտեմբերի 17-ին բռնկվել էին մի քանի ֆրանսիական քաղաքներում՝ կյանքի արժեքի աճի և պետական ծառայությունների որակի վատթարացման դեմ բողոքների ընթացքում։ Լիմոժում անկարգությունների մասնակիցները հրկիզել են 1883 թվականին բացված պատմական քաղաքապետարանը։ Ֆրանսիական իշխանությունների տվյալներով, շենքը լուրջ վնասներ է ստացել։
Միևնույն ժամանակ, ֆրանսիական իշխանությունները բռնությունները կապում են արմատական խմբերի և ջարդարարների գործողությունների հետ։ Միգրացիոն քաղաքականությունը բողոքների հիմնական թեման չի եղել։




























