ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է արել ավելի ակտիվորեն կանխել օկուպացված Արևմտյան ափում հրեա վերաբնակների հարձակումները պաղեստինցիների վրա։ Այդ մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ The Washington Post թերթի ամերիկացի ֆոտոլրագրող Հայդի Լևինի վրա հարձակման տեսագրության տարածումից հետո։
«Մենք խորապես մտահոգված ենք այս կադրերով և նրանով, ինչ տեսնում ենք։ Մենք իսրայելական կողմին խնդրել ենք միջոցներ ձեռնարկել նման գործողությունների դեմ և շարունակում ենք պնդել դա», — ասել է Ռուբիոն լրագրողներին։
Լևինը տուժել է ուրբաթ օրը, երբ իսրայելացի վերաբնակները հարձակվել են պաղեստինցի խաղաղ բնակիչների վրա։ Առկա տվյալներով, միջադեպի հետևանքով առնվազն երկու մարդ է վիրավորվել։
Բելգիայի արտգործնախարարը նույնպես հայտնել է, որ օկուպացված Արևմտյան ափում տեղի ունեցած հարձակումների ընթացքում տուժել են եվրոպացի դիվանագետներ և Ֆրանսիայի քաղաքներից մեկի քաղաքապետը։
Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը տեղեկություն է պահանջել միջադեպի մասին, այդ թվում՝ Լևինի վրա հարձակման վերաբերյալ։ Պետքարտուղարը, որը ելույթ էր ունենում Ուզբեկստան մեկնելուց առաջ, հայտնել է, որ ակնկալում է մինչև կիրակի պատասխան ստանալ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանությունից։
Իսրայելական Yesh Din իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, սեպտեմբերի 27-ից՝ ձիթապտուղների տարեկան բերքահավաքի սեզոնի սկզբից ի վեր, իսրայելացի վերաբնակները Արևմտյան ափում պաղեստինցիների վրա առնվազն 170 հարձակում են իրականացրել։





























