Լիբանանում լուրջ քաղաքական ճգնաժամ է հասունանում. ընդդիմադիր «Մարտի 14-ի կոալիցիան», որին աջակցում է Արեւմուտքն ու Սաուդյան Արաբիան, պահանջել է վարչապետ Նաջիբ Միկատիի հրաժարականը:
Ընդդիմադիրների խմբակցության ղեկավար Ֆուադ աս-Սինյորան կառավարությանը մեղադրել է «Սիրիայի ռեժիմի հետ դավադրության մեջ», որոնց նպատակը Լիբանանը ոչնչացնելն է: Ընդդիմադիրները ստեղծված վիճակից դուրս գալու ելքը տեսնում են չեզոք, ազգային փրկության կառավարություն ձեւավորելու մեջ, որը կվերականգնի երկրում քաղաքացիական խաղաղությունը եւ կնախապատրաստի 2013-ին կայանալիք արդար ու թափանցիկ ընտրությունները:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանն ի պատասխան հայտարարել է հունիսի կեսերին ազգային երկխոսության «կլոր սեղանի» վերականգնման մասին: Նա մերժել է ընդդիմության պահանջը եւ կոչ արել Սաուդյան Արաբիայում գտնվող «Ալ-Մուստակբալ» շարժման առաջնորդ, նախկին վարչապետ Սաադ Հարիրիին, «վերադառնալ հայրենիք, որպեսզի արդյունավետ դեր խաղա քաղաքական կյանքում»:
Սուլեյմանը հրաժարվել է երկխոսության անցկացումը կապել նոր կառավարության ձեւավորման հետ, ընդդիմությանն առաջարկելով իր առարկությունները ներկայացնել այդ երկխոսության ժամանակ:
Իրավիճակը Լիբանանում լարվել է Տրիպոլոիում արմատական սալաֆիների ելույթներից եւ Բեյրութի Արաբական համալսարանում արյունալի բախումից հետո: Երկրում նոր հակամարտության առիթ են դարձել հարեւան Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ առկա տարաձայնությունները:




























