Լիտվայի հյուսիսում՝ Պասվալիսի շրջանում, հայտնաբերվել են ենթադրաբար անօդաչու թռչող սարքի բեկորներ։ Օբյեկտի հնարավոր ընկնելու վայրը շրջափակվել է մոտ հինգ կիլոմետր շառավղով, հոկտեմբերի 18-ին հայտնել է լիտվական բանակը, տեղեկացնում է LRT-ն։
Փոքր բեկորներ են հայտնաբերվել ճանապարհի մոտ և բնակելի տներից հեռու գտնվող դաշտերում։ Մասնագետները պարզում են՝ արդյոք դրանք պատկանո՞ւմ են այն օբյեկտին, որն ավելի վաղ արձանագրել էին ռազմական ռադարները։ Առայժմ հայտնի չէ՝ արդյոք անօդաչուն կարող էր պայթուցիկ կրել։
Բանակի տվյալներով, տեղական ժամանակով մոտ 06:15-ին Լիտվայի ռազմաօդային ուժերի ռադարները գրանցել են Լեհաստանի կողմից դեպի հյուսիս շարժվող օբյեկտի նշան։ Բարդ եղանակային պայմանների պատճառով չի հաջողվել որոշել դրա տեսակը։ Ավելի ուշ այդ նշանը անհետացել է ռադարների էկրաններից, իսկ ՆԱՏՕ-ի օդային պարեկության առաքելությանը մասնակցող կործանիչները վերադարձել են Շյաուլյայի ավիաբազա։
Պասվալիսի շրջանում պայթյունի ձայնի մասին հաղորդումներից հետո ռազմական ոստիկանությունը և այլ ծառայություններ սկսել են զննել տարածքը։ Բանակի ներկայացուցիչ Վիտաուտաս Վիտկաուսկասը LRT-ին հայտնել է, որ օբյեկտը խոցված չի եղել, և դրա ընկնելու հանգամանքները դեռ պետք է պարզվեն։
Վաղ առավոտյան օդային տագնապ է հայտարարվել Պանևեժիսի և Շյաուլյայի շրջաններում։ Բնակիչները բջջային հեռախոսներով ստացել են նախազգուշացումներ՝ ապաստարաններ գնալու առաջարկությամբ։ Ավելի ուշ լիտվական բանակը հայտնել է տագնապի չեղարկման մասին։
Իշխանությունները բնակիչներին կոչ են արել չմոտենալ կասկածելի առարկաներին, որոնք նման են անօդաչուի բեկորների, և դրանց հայտնաբերման մասին հայտնել 112 շտապ օգնության համարով։ Տարածքի զննման պատճառով ժամանակավորապես փակվել է Բիրժայ տանող ճանապարհը։




























