Լեհաստանը ռազմական ավիացիա է բարձրացրել օդ և պատրաստականության է բերել հակաօդային պաշտպանության համակարգերը՝ Արևմտյան Ուկրաինայի շրջանների ուղղությամբ ռուսաստանյան անօդաչուների հարվածների ֆոնին։ Գործողության ընթացքում ժամանակավորապես դադարեցվել է Ժեշուվի և Լյուբլինի օդանավակայանների աշխատանքը։
Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտնել է, որ ռազմական ավիացիան գործում է Լեհաստանի օդային տարածքում։ Պատրաստականության վիճակի են բերվել նաև ցամաքային ՀՕՊ համակարգերն ու ռադիոլոկացիոն հետախուզության միջոցները։
Հրամանատարությունն ընդգծել է, որ միջոցառումներն ունեն կանխարգելիչ բնույթ և ուղղված են Լեհաստանի օդային տարածքի անվտանգության ապահովմանը, առաջին հերթին այն շրջաններում, որոնք հարակից են հարձակումների սպառնալիքի տակ գտնվող տարածաշրջաններին։
Լեհ զինվորականները շարունակում են հետևել իրավիճակին, իսկ ներգրավված ուժերն ու միջոցները մնում են արձագանքման պատրաստ վիճակում։





























