Հնագետները Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերել են խորտակված նավ, որը, նախնական գնահատականներով, կործանվել է մ.թ.ա. մոտ 2700–2400 թվականներին, հայտնում է The Conversation-ը։

Եթե թվագրումը հաստատվի, ապա մոտ 4500 տարվա վաղեմության այս գտածոն կդառնա աշխարհում հայտնի ամենահին նավաբեկությունը։

Նավի մնացորդները հայտնաբերվել են 2024 թվականին Կեկովայի ափերի մոտ՝ Անթալիայից արևմուտք գտնվող ծանծաղ ջրերում։ Հետազոտողները գտածոյի ենթադրյալ տարիքը որոշել են բեռի, այդ թվում՝ կերամիկական անոթների հիման վրա։

Նավի իրանն ինքնին չի պահպանվել՝ ստորջրյա միջավայրի երկարատև ազդեցության պատճառով։ Ճշգրիտ թվագրումը դեռևս մնում է ուսումնասիրության առարկա, իսկ հետազոտության արդյունքները դեռ պետք է հրապարակվեն գրախոսվող գիտական ամսագրում։

Մինչև հիմա ամենահինը համարվում է հունական Դոկոս կղզու մոտ գտնվող նավաբեկությունը, որը թվագրվում է մոտ 4200 տարի առաջ։

Բեռի մեջ հայտնաբերվել են մեծ կերամիկական անոթներ՝ ապրանքների պահեստավորման և տեղափոխման համար։ Դրանք ունեցել են օվալային ձև, հարթ հատակ և երկու բռնակ։ Դրանցից շատերի վրա եղել է բնորոշ կավե շերտ, որը դուրս էր ցցված անոթի ամենալայն հատվածի մակերևույթից։ Արտադրանքների ձևը և դրանց պատրաստման տեխնոլոգիան օգնել են հետազոտողներին որոշել գտածոյի մոտավոր տարիքը և ենթադրել բեռի ծագումը։

Որոշ անոթների վրա պահպանվել են պարունակության մնացորդներ, որոնք տեսանելի են անզեն աչքով։ Դրանց կազմը դեռ պետք է պարզվի։ Գիտնականները ենթադրում են, որ դրանք կարող էին լինել ձիթայուղ, գինի կամ ծառի խեժ։

Գտածոն կարող է լույս սփռել մ.թ.ա. III հազարամյակում Արևելյան Միջերկրականի առևտրային կապերի վրա։ Այդ շրջանում Եգիպտոսը լիբանանյան Բիբլոս նավահանգստի միջոցով ստանում էր իրեն անհրաժեշտ ապրանքներ, այդ թվում՝ մայրի, մետաղներ, յուղեր, խեժեր, լաջվարդ և արծաթ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մ.թ.ա. մոտ 2600 թվականին արծաթը Եգիպտոս էր հասնում, մասնավորապես, ժամանակակից Աթենքի մերձակայքում գտնվող Լավրիոնի հանքերից։

Հետազոտողների կարծիքով, Կեկովայի մոտ գտնվող նավը կարող էր լինել ճյուղավորված ծովային առևտրային ցանցի մաս, որը կապում էր Միջերկրականի տարբեր շրջանները։

Ենթադրաբար, նավը շարժվում էր հարավային ափի երկայնքով և փոթորկի ժամանակ պատսպարվել էր կղզիների միջև, սակայն բախվել էր ժայռերին։ Կերամիկայի մի մասը կարող էր ծագել Հորդանանի կենտրոնական հովտից։

Հնագետները դեռ պետք է ճշտեն բեռի թվագրումն ու ծագումը։ Սակայն գտածոն արդեն կարող է դառնալ Միջերկրականում վաղ ծովային առևտրի կարևոր վկայություն։