Ֆրանսիայում կյանքի արժեքի թանկացման և պետական ծառայությունների որակի վատթարացման դեմ զանգվածային բողոքի ակցիաներից հետո ձերբակալել են մոտ 1,8 հազար մարդու։

Ավելի քան 500 ոստիկան, ժանդարմ և հրշեջ վնասվածքներ են ստացել, կիրակի՝ հոկտեմբերի 18-ին, հայտնել է ներքին գործերի նախարար Լորան Նյունեսը։

Ակցիաները շաբաթ օրը տեղի են ունեցել երկրի տասնյակ քաղաքներում։ ՆԳՆ տվյալներով, դրանց մասնակցել է մոտ 550 հազար մարդ, այդ թվում՝ 110 հազարը՝ Փարիզում։ Կազմակերպիչները մասնակիցների ընդհանուր թիվը գնահատել են մոտ 800 հազար։

Շատ ցույցեր սկսվել են խաղաղ, սակայն մի շարք քաղաքներում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ, հրկիզումներ և խանութների թալան։ Լիմոժում հրդեհը պատել է քաղաքապետարանի պատմական շենքը, ինչի հետևանքով փլուզվել է աշտարակը։ Մարսելում անկարգությունների մասնակիցները վնասել են քաղաքապետարանի շենքը, իսկ Լիոնում հրկիզել են զբոսաշրջային գրասենյակը։

Փարիզում ոստիկանությունը ձերբակալել է 855 մարդու՝ մայրաքաղաքում մեկ ակցիայի համար ռեկորդային թիվ։ Դատախազությունը հայտնել է, որ 517 մարդ կալանավորվել է։

Ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ արտակարգ ծառայությունների տուժած աշխատակիցների թիվը դեռևս նախնական է մնում։ Իրավապահ մարմինները շարունակում են հետաքննել անկարգությունների հանգամանքները։

Վարչապետ Սեբաստյան Լըկորնյուն կիրակի պետք է անցկացնի գերատեսչությունների միջև խորհրդակցություն՝ նվիրված անկարգությունների հետևանքներին, վնասին և իշխանությունների հետագա գործողություններին։ Նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես մտադիր է կիրակի երեկոյան դիմել երկրի քաղաքացիներին։