Լոռիի մարզի Ֆիոլետովո գյուղի Թթու ջուր կոչվող տեղամասից 5 կմ դեպի հյուսիս արեւելեք գրանցված սողանքը փակել Հովաջուր գետի Շամլուղ վտակի հունը եւ ստեղծել արհեստական լիճ: Սողանքի հետեւանքով թուլացել է բարձրավոլտ հոսանքասյուն:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարա վարչության օպերատիվ խումբը` վարչության պետ Հրաչ Անտոնյանի գլխավորությամբ: Տեղում է եղել նաեւ անձամբ «ՀԷՑ Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Սարգսյանը: Պարզվել է, որ  Դիլիջան ազգային պարկում`«Կանազի Ձոր» կոչվող տարածքում, մոտ 250 մ լայնությամբ եւ 30 մ խորությամբ հողի զանգվածը սողացել է շուրջ 600 մետր ցած եւ փակել Հովաջուր գետի Շամլուղ վտակի հունը` առաջացնելով 70 մետր լայնությամբ եւ 300 մ երկարությամբ արհեստական լիճ: Սողանքը տեղաշարժել է նաեւ ֆիդերային էլէկտրական գծի 83-րդ սյունը, ինչի պատճառով հոսանքազրկվել են Դիլիջան քաղաքի «Արմենիա» հանգստյան տունը եւ հարակից շինությունները:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում «ՀԷՑ Դեբեդ» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Սարգսյանը նշեց, որ տարածքում վթարային վիճակ է, այժմ իրենք աշխատանքներ են իրականացնում խնդիրը վերջնականապես վերացնելու ուղղությամբ, բնակիչների հոսանքը վերականգնված է:

ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանն էլ տեղեկացրեց, որ իրենց մտահոգում էր փլուզումից գետի հունի փակվելը եւ արհեստական լճի ձեւավորումը, ինչը միանգամից հոսելու դեպքում կարող էր վնասներ հասցնել, սակայն ջուրը արդեն գտել է իր հունը:

Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի