Ռուսաստան ուղևորվող թուրքական ավիաընկերությունների երկու չարտերային չվերթ վերաուղղվել է Մինսկ՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների պատճառով, որոնք ուղղված էին ռուսաստանյան օդանավակայանների ենթակառուցվածքների դեմ։ Ինքնաթիռներում գտնվել են 400-ից ավելի ուղևորներ, հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Բելառուսում Ռուսաստանի դեսպանատանը։
Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունից հայտարարել են, որ Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը և դեսպանատան աշխատակիցները գտնվում են Մինսկի ազգային օդանավակայանում և ուղևորներին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում։
Բելառուսական կողմի հետ համաձայնեցմամբ ժամանածներին տրամադրել են անվճար տաք սնունդ։ Այժմ մշակվում են Ռուսաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու մի քանի տարբերակներ։





























