Արդյունավետ բազմակողմ դիվանագիտությունը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր մաս, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ ելույթ ունենալով Երևանում անցկացվող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովում (COP17)։

Նա նշել է, որ աշխարհաքաղաքական լարվածության, տնտեսական անորոշության և ազգային շահերի միջև աճող հակասությունների պայմաններում միջազգային համագործակցությունն առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում։

«ՄԱԿ-ն ու բազմակողմ կառույցները տարբեր հնարավորություններ, ռեսուրսներ և քաղաքական հայացքներ ունեցող պետություններին հնարավորություն են տալիս բանակցել հավասար պայմաններում», — նշել է Միրզոյանը։ Նա ընդգծել է, որ միջազգային կազմակերպությունները օգնում են երկրներին համաձայնեցնել դիրքորոշումները և համատեղ լուծումներ գտնել նույնիսկ լուրջ տարաձայնությունների պայմաններում։

Նախարարը Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան անվանել է նման համագործակցության օրինակ։ Կարևոր ձեռքբերում է նա համարում 2022 թվականին Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի ընդունումը։ Սակայն այժմ միջազգային հանրությունը պետք է անցնի համաձայնեցված նպատակներից դրանց գործնական իրականացմանը։

COP17-ում առաջին անգամ կանցկացվի կենսաբազմազանության պահպանման նպատակների իրականացման ուղղությամբ հավաքական առաջընթացի գլոբալ գնահատում։ Դա հնարավորություն կտա որոշելու, թե որքան արդյունավետ են երկրները կատարում ստանձնած պարտավորությունները և ինչ լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ։

Միրզոյանն ընդգծել է, որ համաժողովը հյուրընկալելու Հայաստանի որոշումն արտացոլում է երկրի հավատարմությունը միջազգային համագործակցությանը և բնության պահպանությանը։ Հայաստանի համար այս թեման նաև առանձնահատուկ ազգային նշանակություն ունի՝ պայմանավորված նրա լանդշաֆտների և էկոհամակարգերի բազմազանությամբ։

«Մեզ համար նախագահությունն ինքնանպատակ չէ, այլ հնարավորություն՝ օգնելու կողմերին ամրապնդել վստահությունը, հաղթահարել տարաձայնությունները և առաջ մղել ընդհանուր օրակարգը», — հայտարարել է ԱԳՆ ղեկավարը։ Ըստ նրա, Հայաստանը մտադիր է նպաստել կառուցողական երկխոսությանը ոչ միայն համաժողովի ընթացքում, այլև նախագահության հաջորդող երկու տարիների ընթացքում, որպեսզի համատեղ աշխատանքը հանգեցնի որոշումների, որոնք հաշվի են առնում բոլոր մասնակիցների շահերը։

Նախարարը նաև ուշադրություն է հրավիրել կենսաբազմազանության պահպանության, կլիմայի փոփոխության, պարենային անվտանգության և կայուն զարգացման միջև սերտ կապի վրա։ Նրա կարծիքով, այս խնդիրները հնարավոր չէ լուծել մեկուսացված կերպով․ անհրաժեշտ են միջազգային ջանքերի ավելի սերտ համակարգում և համալիր մոտեցում։

Միրզոյանը հույս է հայտնել, որ COP17-ը կդառնա բովանդակալից երկխոսության հարթակ և թույլ կտա հասնել գործնական արդյունքների՝ բնության պահպանության վերաբերյալ գլոբալ պարտավորությունների իրականացման գործում։