ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վաղուց էր ծրագրել աջակցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին առաջիկա ընտրություններում, սակայն միտումնավոր հետաձգել էր իր դիրքորոշման մասին հայտարարությունը մինչև քվեարկությունից առաջ վերջին շաբաթը։ Այդ մասին նա պատմել է Axios-ին տված հեռախոսազրույցում՝ այն բանից հետո, երբ հրապարակայնորեն աջակցել էր Իսրայելի վարչապետին։
«Ես միշտ պատրաստվում էի դա անել։ Պարզապես չէի ուզում դա շատ վաղ անել», — ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ Նեթանյահուի հետ լավ հարաբերություններ են ձևավորվել։ «Կարևոր է, որ Իսրայելն ունենա մի մարդ, որի վրա կարելի է հույս դնել», — նշել է նա։
Հարցին, թե կկարողանա՞ արդյոք աշխատել իսրայելական մեկ այլ առաջնորդի հետ, Թրամփը խուսափողական պատասխան է տվել. «Գուցե կարողանամ, գուցե՝ ոչ։ Ո՞վ կուզենա ռիսկի դիմել»։
Իսրայելական 12-րդ ալիքի տվյալներով, Թրամփի կողմից Նեթանյահուին ցուցաբերված աջակցությունը հնչել է՝ հակառակ ամերիկյան նախագահի մի քանի մերձավոր խորհրդականների դիրքորոշման։ Նրանք կարծում էին, որ Իսրայելի կառավարության ղեկավարի փոփոխությունն ավելի լավ կհամապատասխանի Մերձավոր Արևելքում ԱՄՆ շահերին։ Այս մասին հայտնել է լրագրող Բարաք Ռավիդը։
Նեթանյահուի գրասենյակի աղբյուրները 12-րդ ալիքին հայտնել են, որ տեղյակ չեն եղել Թրամփի՝ վարչապետին հրապարակայնորեն աջակցելու ծրագրերի մասին։ Միաժամանակ իսրայելական հեռուստաալիքը նշում է, որ առաջնորդները հոկտեմբերի ընթացքում մի քանի անգամ հեռախոսազրույց են ունեցել, ինչը կարող էր վկայել նրանց գործողությունների նախնական համաձայնեցման մասին։





























