Իսպանիայում ուժեղ անձրևների և ամպրոպների պատճառով, որոնք իր հետ կբերի «Ադամ» փոթորիկը, հայտարարել են վտանգի կարմիր մակարդակ։ Վալենսիայի ափի հարավում և Ալիկանտե նահանգի հյուսիսում 12 ժամվա ընթացքում կարող են տեղալ մինչև 300 մմ տեղումներ, հայտնում է Euronews-ը՝ հղում անելով Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությանը (Aemet)։

Անբարենպաստ եղանակի գագաթնակետը սպասվում է կիրակիից երկուշաբթի ընկած ժամանակահատվածում։ Օդերևութաբանների կանխատեսմամբ, Վալենսիայի հարավում և Լա-Նաո հրվանդանի շրջանում տեղումների քանակը կարող է կազմել ժամում 60–90 մմ, իսկ 12 ժամում մինչև 200–300 մմ։ Միևնույն ժամանակ, առայժմ դժվար է որոշել այն շրջանները, որտեղ անձրևները կլինեն առավել ինտենսիվ։

Ուժեղ տեղատարափներ են սպասվում նաև Բալեարյան կղզիներում, հատկապես Իբիցայում և Ֆորմենտերայում։ Այնտեղ 12 ժամվա ընթացքում կարող է տեղալ ավելի քան 160 մմ տեղումներ։ Զգալի անձրևներ են կանխատեսվում նաև Մայորկայում, առաջին հերթին հարավային ափին, որտեղ գտնվում է կղզու մայրաքաղաք Պալման։

Կիրակի ուշ ժամերին և երկուշաբթի անբարենպաստ եղանակը կարող է ազդել նաև Ալիկանտեի, Մուրսիայի և Ալմերիայի առափնյա և նախալեռնային շրջանների վրա։ Այնտեղ տեղումների քանակը կարող է գերազանցել ժամում 50 մմ-ը և հասնել 12 ժամում 100–140 մմ-ի։

Բացի Վալենսիայի հարավում և Ալիկանտեի հյուսիսում հայտարարված կարմիր նախազգուշացումներից, վտանգի նարնջագույն մակարդակ է գործում նաև Սևիլիայի ցածրադիր շրջաններում, Ռոնդայում և Կադիս նահանգի Սիեռա-դե-Գրասալեմա լեռնազանգվածում։

Aemet-ի տվյալներով, երկուշաբթի ուշ երեկոյան ուժեղ տեղումների գոտին կարող է տեղափոխվել Վալենսիական համայնքի հյուսիս և հասնել Տարագոնա նահանգ։ Երեքշաբթիին փոթորիկը պետք է թուլանա։

Անբարենպաստ եղանակի պատճառը կլինի ընդհանուր մթնոլորտային շրջանառությունից մեկուսացված ցածր ճնշման DANA «Ադամ» համակարգը՝ արևելքից եկող խոնավ օդի հոսքի հետ համատեղ։ Նման եղանակային համակարգերը կարող են առաջացնել ինտենսիվ տեղատարափներ և տեղային հեղեղումներ։