Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է նոյեմբերին անցկացնել հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի մասնակցությամբ՝ քննարկելու ուկրաինական հակամարտության կարգավորումը Մոսկվային ձեռնտու պայմաններով, գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գագաթնաժողով անցկացնելու առաջարկը հնչել է Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների ջերմացման ֆոնին, մասնավորապես՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հայտարարել է ռուսական դիզելային վառելիքի գնման գործարքի մասին և ստորագրել հրամանագիր, որով դադար է տրվել Լինդսի Գրեհեմի օրենքի կիրառմանը, որը նախատեսում է խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ։

Հղում անելով ռուսական հետախուզության նախկին աշխատակցին՝ պարբերականը պնդում է, որ Պուտինի առաջարկը հնչել է հոկտեմբերի 9-ին նրա և Թրամփի հեռախոսազրույցի ընթացքում։ Այդ զրույցից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ պատժամիջոցների դադարեցման և դրա մատակարարումների մասին, այդ թվում՝ Միացյալ Նահանգներ։

Կրեմլը առաջարկել է եռակողմ հանդիպումն անցկացնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում՝ նոյեմբերի 18-19-ին Շենժենում, հայտնել են Wall Street Journal-ի աղբյուրները։

Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հաստատել է պարբերականին, որ հնարավոր հանդիպման քննարկում կա. «Առայժմ հստակ պատկերացում չկա ո՛չ հենց հանդիպման, ո՛չ դրա հնարավոր օրակարգի վերաբերյալ, թեև բոլոր երեք կողմերն ընդունում են նման հանդիպման հիպոթետիկ հնարավորությունը»։

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը թերթին հայտնել է, որ Թրամփը դեռևս համաձայնություն չի տվել գագաթնաժողովին, սակայն ընդհանուր առմամբ կարող է բաց լինել այս գաղափարի նկատմամբ։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հոկտեմբերի 6-ին ասել էր, որ Պուտինի, Թրամփի և Չինաստանի առաջնորդի եռակողմ հանդիպման «գործնական քննարկում» չի եղել, սակայն «սա բավական հետաքրքիր գաղափար է, այն օդում է, բոլորն էլ դրա մասին գիտեն՝ և՛ Թրամփը, և՛ Պուտինը, և՛ Սի Ցզինպինը»։

Դիզելային վառելիքի վերաբերյալ Թրամփի և Պուտինի գործարքը, ինչպես նաև Մոսկվայի դեմ պատժամիջոցների չեղարկման մասին հրամանագիրը քննադատության տեղիք են տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից։ Նա զգուշացրել է, որ նման քայլերը միայն ավելի ինքնավստահ կդարձնեն Պուտինին և կհանգեցնեն պատերազմի ձգձգմանը, նշում է Reuters-ը։