Երևանում հոկտեմբերի 19-ին մեկնարկել են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հիմնական նիստերը, որոնք կշարունակվեն մինչև հոկտեմբերի 30-ը:
Մասնակիցները կքննարկեն բնության պահպանության, էկոհամակարգերի վերականգնման, ինչպես նաև անհետացման եզրին գտնվող բուսատեսակների ու կենդանատեսակների պաշտպանությանն ուղղված միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը:
Հանդիպման առանցքային թեմաներից է լինելու Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի առաջին ընդհանրական գնահատումը: Չորս տարի առաջ ընդունված այս փաստաթուղթը նախատեսում է մինչև 2030 թվականը հասնել համաշխարհային 23 նպատակների իրագործմանը, այդ թվում՝ մոլորակի ցամաքային և ծովային տարածքների առնվազն 30 տոկոսի պահպանությանը:
Հատուկ ուշադրություն է դարձվելու բնապահպանական նախաձեռնություններին ուղղվող ֆինանսական միջոցների ներգրավմանը, մասնավոր ներդրումների խթանմանն ու միջազգային գործընկերության ընդլայնմանը:
Հոկտեմբերի 16-ին կայացած «Առաջնորդները՝ հանուն բնության» բարձր մակարդակի նախագահական գագաթնաժողովի արդյունքներով աշխարհի առաջնորդներն արդեն ընդունել են «Երևանյան հռչակագիրը»: Փաստաթղթով երկրները վերահաստատում են բնության պահպանության և էկոհամակարգերի վերականգնման գործում միջազգային համագործակցությունը խորացնելու իրենց քաղաքական հանձնառությունը:











