ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են՝ ընդգծելով, որ «պատերազմում ոչ ոք չի հաղթում»։
«Ուկրաինայի պատերազմում հաղթողներ չկան։ Ամեն օր մարդիկ են զոհվում, ամեն օր ինչ-որ բան է պայթում ու ավերվում։ Թրամփը 60 օրով կասեցրել է պատժամիջոցների կիրառումը, քանի որ ցանկանում է պարզել՝ արդյոք հաջողության հասնելու շանս ունեն այն բանակցությունները, որոնք ընթանում են այս պահին»,— լրագրողների հետ զրույցում ասել է Ռուբիոն, փոխանցում է «Clash Report»-ը։
Հարցին, թե կա՞ն արդյոք փաստեր, որոնք վկայում են խաղաղության բանակցություններին Պուտինի պատրաստակամության մասին, Ռուբիոն արձագանքել է, որ «սա քրեական գործ չէ»։
«Խոսքը դիվանագիտության մասին է, իսկ դիվանագիտության մեջ պետք է շարունակել փորձերը»,— նշել է պետքարտուղարը։
Նա հավելել է, որ Ուկրաինայի պատերազմին հանգեցրած և մինչ օրս արդիական գործոնները հեշտ չէ հաղթահարել, սակայն Վաշինգտոնը շարունակելու է դիվանագիտական ջանքերը։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, հոկտեմբերի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել սենատոր Լինդսի Գրեմի՝ Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրենքը գործողության մեջ դնելու վերաբերյալ (Lindsey O. Graham Sanctioning Russia and Iran Act of 2026)։ Այն նախատեսում է 500% սակագների սահմանում ռուսական ներմուծման վրա և 100% մաքսատուրքեր՝ ՌԴ-ից էներգակիրների հիմնական գնորդների նկատմամբ։ Միևնույն ժամանակ Թրամփը կասեցրել էր առանցքային պատժամիջոցները՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների ազգային շահերը։
Փաստաթղթի համաձայն՝ բարձր առևտրային մաքսատուրքեր սահմանելով հանդերձ՝ Սպիտակ տան ղեկավարը միաժամանակ օգտվել է պատժամիջոցային սահմանափակումներից ազատելու նախագահական իրավունքից՝ արգելափակելով ՌԴ-ի դեմ օրենքով նախատեսված այլ առանցքային պատժիչ միջոցների ուժի մեջ մտնելը։
Հոկտեմբերի 19-ին Թրամփը հայտնել էր, որ Ուկրաինայում պատերազմն ավարտելու շուրջ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ և զգալի առաջընթաց է գրանցում։
«Հենց հիմա այս փաստաթուղթը ստորագրելը կհանգեցնի դրան, իսկ ես կարող եմ այն ստորագրել ավելի ուշ կամ ցանկացած պահի, երբ ցանկանամ»,— հայտարարել էր նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 11-ին, Թրամփը հայտնել էր Ուկրաինայի և ՌԴ-ի միջև էներգետիկ հրադադարի հասնելու մասին։ Մինչդեռ արդեն հոկտեմբերի 12-ի երեկոյան և 13-ի գիշերը ռուսական ուժերը զանգվածային հարվածներ էին հասցրել Կիևին, Խարկովին և ուկրաինական այլ քաղաքներին՝ բալիստիկ հրթիռներով ու հարվածային անօդաչուներով թիրախավորելով քաղաքացիական և տրանսպորտային ենթակառուցվածքները։ Նախագահ Զելենսկին ընդգծել էր, որ պատրաստ են հարվածներ չհասցնել ռուսական էներգետիկ օբյեկտներին միայն այն դեպքում, եթե Մոսկվայի կողմից լինի հարվածների իրական և փոխադարձ դադարեցում։




























