ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի դադարեցրել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը։

«Չգիտեմ, թե որտեղից է նա (Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին) վերցրել այդ տեղեկությունը և ինչու է նման բաներ ասում մամուլին։ Ոչ մի դադարեցում էլ չի եղել։ Զելենսկուն ավելի շատ պետք էր կենտրոնանալ այս պատերազմին վերջ դնելու վրա»,— լրագրողների հետ զրույցում ասել է Ռուբիոն, փոխանցում է «Clash Report»-ը։

Փոխարենը, ինչպես նշել է պետքարտուղարը, մի քանի գիշեր առաջ ծրագրային խնդիր է առաջացել ուկրաինական վաղ ազդարարման համակարգի հետ։

«EUCOM-ը (ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը) զբաղվում է դրա հետաքննությամբ։ Ես չեմ կարող մեկնաբանել այն, ինչ տեղի է ունեցել անցած գիշեր»,— հավելել է նա։

Ինչպես հաղորդվել էր, Զելենսկին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները վերսկսել է հետախուզական տվյալների փոխանակումն այն բանից հետո, երբ այդ գործընթացը «որոշակի ժամանակով» արգելափակվել էր։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էին, թե Թրամփի վարչակազմն իբր նախազգուշացրել է Ուկրաինային և եվրոպացի դաշնակիցներին, որ Վաշինգտոնը կարող է կասեցնել հետախուզական տվյալների փոխանակումը, ինչպես նաև PURL ծրագրով ամերիկյան զենքի գնումները, եթե Կիևը չդադարեցնի ռուսական նավթավերամշակման գործարանների և էներգետիկ օբյեկտների ուղղությամբ խորքային հարվածները։

Հոկտեմբերի 12-ի երեկոյան ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել էր Կիևին, և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ դրանց արձակման վերաբերյալ գործընկերներից նախազգուշացում չէր ստացել։

Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման դադարեցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։