Այն, ինչ այս օրերին կատարվում է Երևանում, հսկայական նշանակություն ունի. կենսաբազմազանության կորստի հետևանքով տուժող միլիարդավոր մարդկանց ճակատագիրը կախված է նրանից, թե ինչ առաջընթաց կարձանագրենք այստեղ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին հոկտեմբերի 19-ին Երևանում ընթացող COP17-ի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմակերը։

«Չորս տարի առաջ Մոնրեալում աշխարհը համախմբվեց և ընդունեց բնության հետ ներդաշնակ ապրելու հավակնոտ մի նախագիծը՝ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագիրը։ Դա շրջադարձային պահ էր շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բազմակողմ համագործակցության համար։ Այն ժամանակ միջազգային հանրությունը միավորվեց ընդհանուր տեսլականի և 23 նպատակային խնդիրների շուրջ, որոնց առաքելությունը մինչև 2030 թվականը կենսաբազմազանության կորուստը կասեցնելն ու վերականգնելն է։

Անհրաժեշտ է ազգային մակարդակով ձեռնարկվող քայլերը համապատասխանեցնել գլոբալ հավակնություններին, ֆինանսական հոսքերը՝ բնության կարիքներին, իսկ սպառման ու արտադրության գործընթացները՝ մեր մոլորակի սահմանափակ ռեսուրսներին։

Մինչև 2030 թվականը մնացել է ընդամենը չորս տարի: Գործողություններն առավել ակտիվացնելու նպատակով հարկավոր է պայմաններ ստեղծել համաշխարհային հանրության շատ ավելի լայն ներգրավվածության համար։

Ո՛չ մի երկիր, ո՛չ մի տնտեսություն և ո՛չ մի հասարակություն ապահովագրված չէ կենսաբազմազանության կորստի հետևանքներից։ Միևնույն ժամանակ միանգամայն ակնհայտ է նաև, որ բնության պահպանությանն ուղղված միջոցառումներն իսկապես արդյունավետ են։

Ընդ որում, կայացվող բոլոր որոշումները պետք է խարսխված լինեն նորագույն գիտական տվյալների վրա։ Երևանյան համաժողովը նաև հնարավորություն է ընձեռում քննարկելու քաղաքականության համակարգմանն ու ներդաշնակեցմանն առնչվող հարցեր, այդ թվում՝ փոխգործակցության ամրապնդման միջոցով, ինչը հզոր խթան կհանդիսանա առաջընթացի համար։ Սակայն այս համաժողովում ընդունված անգամ ամենագրագետ որոշումները լոկ թղթի վրա կմնան, եթե դրանց կենսագործման համար անհրաժեշտ պայմաններ չստեղծվեն»,— ընդգծել է Շոմակերը։