Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը հետաքննություն է սկսել «Լիբերալ» կուսակցությունից նախագահի թեկնածու Ֆլավիու Բոլսոնարուի նկատմամբ։ Նա մեղադրվում է փաստաբան Ուիլեր Տոմասի հետ փողերի լվացման ենթադրյալ սխեմային մասնակցելու կասկածանքով, գրում է «O Globo» թերթը։

«Դաշնային ոստիկանությունը պարզում է, թե արդյոք նախագահի թեկնածու Ֆլավիու Բոլսոնարուն փաստաբան Ուիլեր Տոմասի հետ ներգրավված է եղել փողերի լվացման հնարավոր մեխանիզմում», — նշվում է հոդվածում։

Հետաքննությունն իրականացվում է Բրազիլիայի Գերագույն դատարանում՝ դատավոր Ալեշանդրի դի Մորաիսի ղեկավարությամբ։ Պարբերականի տվյալներով՝ այն դարձել է Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում Դաշնային ոստիկանության քննած գործի շարունակությունը, որը վերաբերում էր բուքմեյքերական հարթակների միջոցով փողերի ենթադրյալ լվացմանն ու միջոցների արտերկիր ապօրինի դուրսբերմանը։

Իրավապահների ուշադրությունը Տոմասի վրա սևեռվել էր այն բանից հետո, երբ կասկածներ էին ի հայտ եկել նրա կողմից «Rede Loto» բուքմեյքերական ընկերությունը վերահսկելու վերաբերյալ։ Ընկերությունը 2023 թվականի մայիսին Ռիո դե Ժանեյրոյի նահանգային իշխանություններից գործունեության թույլտվություն էր ստացել։ Դատարանի համապատասխան որոշումից հետո ոստիկանությունն ուսումնասիրել է փաստաբանի հեռախոսի էլեկտրոնային հաղորդագրությունները, նամակներն ու այլ տվյալները։

Ինչպես հայտնում է «O Globo»-ն, այդ նյութերի վերլուծությունը բացահայտել է Տոմասի ֆինանսական կապերը Ֆլավիու Բոլսոնարուի հետ, ինչպես նաև 2025 թվականի առաջին կեսին նրանց առնվազն հինգ համատեղ արտասահմանյան ուղևորությունները դեպի Հարավաֆրիկյան Հանրապետություն, Պորտուգալիա և Ֆրանսիա։ Քննիչները փաստաբանի հեռախոսում և էլեկտրոնային փոստում հայտնաբերել են լուսանկարներ, ամրագրումներ, ինչպես նաև ավիաթռիչքների և ավտոմեքենաների վարձակալության վերաբերյալ տեղեկություններ։