Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է Կիևին Ռուսաստանի առաջ կապիտուլյացիայի պարտադրելու փորձի մեջ։ «Կարծում եմ՝ քայլեր են ձեռնարկվում Ուկրաինային կապիտուլյացիայի մղելու ուղղությամբ։ Չէի ցանկանա մտածել, թե մեր ամերիկացի գործընկերների կարծիքով պատերազմը կարելի է ավելի արագ ավարտել Ուկրաինայի հաշվին, սակայն ամեն ինչ հենց այդպես էլ դիտվում է»,— «Bloomberg» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Զելենսկին։
Նախագահի խոսքով՝ ինքն ընդառաջել էր Թրամփի հորդորին և դադարեցրել ռուսական նավթավերամշակման գործարանների (ՆՎԳ) վրա գրոհները՝ «Patriot» ՀՕՊ համակարգերի համար լրացուցիչ հրթիռներ ստանալու ակնկալիքով։ «Բայց նրանց միակ նպատակն է, որ մենք ձեռք չտանք դիզվառելիքին։ Եթե չհամաձայնենք, պարզապես մեզ կզրկեն այս կամ այն օգնությունից»,— ահազանգել է Զելենսկին։ Նա նաև շեշտել է, որ Վաշինգտոնը ձգձգում է զենիթային հրթիռների առաքումը, որոնց համար գումարներն Ուկրաինային տրամադրված աջակցության փաթեթներով արդեն վճարված են. «Ամերիկյան կողմը հավանություն է տվել միայն մի փոքր մասի փոխանցմանը, իսկ մնացածը սառեցրել է։ Ու սա բնավ տեխնիկական խնդիր չէ»։
Վաշինգտոնի հետ հարաբերությունների լարվածությունը Զելենսկին կապել է ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայանալիք միջանկյալ ընտրությունների հետ. «Նախընտրական շրջանում քաղաքականությունն ավելի ագրեսիվ երանգ է ստանում»։ Նա հույս է հայտնել, որ ընտրություններից հետո կրքերը կհանդարտվեն՝ միաժամանակ հավելելով, որ թեև Թրամփն «իրոք ջերմ» հարաբերություններ ունի Վլադիմիր Պուտինի հետ, այդուհանդերձ, «մի բան այստեղ այն չէ. Թրամփն այս պահին չի կարողանում ստիպել Պուտինին դադարեցնել պատերազմը»։
Ավելի վաղ Թրամփը Պուտինի հետ պայմանավորվել էր ամերիկյան շուկա դիզելային վառելիքի մատակարարման շուրջ և Զելենսկուց պահանջել չհարվածել ռուսական ՆՎԳ-ներին։ Դրանից հետո Կիևն այլևս չէր ստանում Ռուսաստանից արձակվող հրթիռների մասին վաղ ազդարարման տեղեկատվություն, ինչպես նաև «Starlink» արբանյակային կապը սկսել էր աշխատել խափանումներով։
Սպիտակ տունն ու Պետդեպարտամենտը հերքել էին այն լուրերը, թե Թրամփի հրահանգով են դադարեցվել հետախուզական տվյալների տրամադրումն ու սահմանափակվել «Starlink»-ի աշխատանքը ուկրաինական բանակի համար։ Դրան զուգահեռ՝ Թրամփը սուր քննադատության էր ենթարկել Զելենսկուն՝ պնդելով, թե վերջինս չի ցանկանում հասնել պատերազմի ավարտին, և պահանջել էր Ուկրաինայում նախագահական ընտրություններ կազմակերպել։




























