Քենիայում Էբոլա տենդով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է ութի։ Այս մասին հայտնել է «Citizen TV» հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի առողջապահության գլխավոր տնօրեն Պատրիկ Ամոթիին։

«Այսօր մենք հետազոտել ենք 38 մարդու, որոնցից մեկի թեստի պատասխանը դրական է եղել»,— նշել է նա։ Ամոթիի խոսքով՝ նոր վարակվածը 49-ամյա տղամարդ է, որն աշխատում էր հիվանդանոցում և զբաղվում էր սպասքի ու սպիտակեղենի մաքրությամբ։ Ենթադրվում է, որ նա վարակվել է Քենիայում Էբոլայով առաջին հիվանդի հետ շփումից։ Տղամարդու մոտ ի հայտ են եկել բարձր ջերմություն, գլխացավ և մկանային ցավեր։ Այժմ նա մեկուսացված է և ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։

Ինչպես հաղորդում է «Capital FM» ռադիոկայանը, հոկտեմբերի 17-ին Քենիայի առողջապահության նախարարությունը հայտնել էր վարակման չորս նոր դեպքի մասին (բուժաշխատողների երեք ներկայացուցչի և առաջին հիվանդի բարեկամի մոտ)։ Ախտորոշման հաստատման պահին նրանք բոլորն արդեն կարանտինի մեջ էին։ Գերատեսչության տվյալներով՝ իշխանությունները հայտնաբերել են վարակակիրների հետ շփված 130 մարդու, որոնցից 128-ը կարանտինացվել են։ Բացահայտված շփման շղթայից դուրս բնակչության շրջանում վիրուսի տարածման նշաններ առայժմ չեն արձանագրվել։

Քենիայում Էբոլայով վարակման առաջին դեպքը հաստատվել էր հոկտեմբերի 6-ին։ Հիվանդը երկրի քաղաքացի էր, որը նախկինում բնակվել էր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Նա Նայրոբի էր ժամանել հոկտեմբերի 3-ին (Ուգանդայի տարանցմամբ) և մահացել հոկտեմբերի 5-ին։