Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսն ընդունել է, որ զանգվածային անկարգությունների պատճառով իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։
«Մի շարք խոշոր քաղաքներում, որտեղ հարյուրավոր խանութներ են թալանվել, անհնար է նայել գործարարների աչքերին ու պնդել, թե մենք չենք կորցրել վերահսկողությունը»,— «France Inter» ռադիոկայանի եթերում ասել է նա։
Նախարարի խոսքով՝ ոստիկանների թիվն ակնհայտորեն անհամարժեք է եղել փողոց դուրս եկած մարդկանց քանակին։ Նա տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա և նույնիսկ հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն նախագահ Էմանուել Մակրոնը չի ընդունել այն։
Շաբաթ օրը Ֆրանսիայում բողոքի լայնամասշտաբ երթեր էին անցկացվել։ Դրանց միացել էին արդեն մի քանի շաբաթ փողոցային պայքար մղող ավագ դպրոցականներն ու ուսանողները, ինչպես նաև ծայրահեղ ձախ ակտիվիստներ, «դեղին բաճկոնավորներ» շարժման կողմնակիցներ, տաքսու վարորդներ, բուժքույրեր, շինարարներ ու արհմիությունների ներկայացուցիչներ։ Մարդիկ փողոց էին դուրս եկել, որպեսզի կարողանան իրենց դժգոհությունն արտահայտել կյանքի թանկացման և գնաճի դեմ։





























