ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP), որը պարենային աջակցություն է ցուցաբերում ճգնաժամերից և հակամարտություններից տուժած մարդկանց, ֆինանսավորման սղության պատճառով մոտ մեկ երրորդով կկրճատի իր գործունեության ծավալները Գազայի հատվածում։ Շուրջ 500 հազար մարդ կզրկվի նման օգնություն ստանալու հնարավորությունից, նշվում է փաստաթղթում։

2025 թվականի հոկտեմբերին Իսրայելի և պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժման միջև հրադադարի հաստատումից հետո Պարենի համաշխարհային ծրագիրն ամեն ամիս օգնություն էր տրամադրում Գազայի հատվածի շուրջ 1,6 միլիոն բնակչի՝ նրանց ապահովելով պարենային փաթեթներով, ալյուրով, հացով, տաք սննդով և դրամական աջակցությամբ։ Սակայն 2026 թվականի հոկտեմբերից օգնություն է ստանում առավել խոցելի խմբերին պատկանող ընդամենը 1,1 միլիոն բնակիչ։ Պարենային չափաբաժինները կրկնակի կրճատվել են, իսկ օրական տրամադրվող տաք ճաշերի թիվը 250 հազարից հասել է 150 հազարի։

Աշխատանքները շարունակելու համար կառույցին լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ։ «Գործակալությանը հրատապ անհրաժեշտ է 450 միլիոն դոլար՝ առաջիկա վեց ամիսներին՝ 2026 թվականի հոկտեմբերից մինչև 2027 թվականի մարտը, Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին կենսական նշանակության գործունեությունը շարունակելու համար»,— նշված է կազմակերպության հայտարարության մեջ։

Օգնության կրճատման ֆոնին պարենային անվտանգության վիճակը Գազայի հատվածում շարունակում է խիստ անկայուն մնալ։ Ծրագրի գնահատականներով՝ շուրջ 1,4 միլիոն մարդ՝ անկլավի բնակչության 67%-ը, բախվում է պարենի սուր պակասի։ Մոտ 200 հազար մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և անհապաղ աջակցության կարիք ունի։ Ձմռան մոտենալուն զուգընթաց՝ մարդասիրական մատակարարումների կրճատումը կարող է է՛լ ավելի բարդացնել խոցելի բնակիչների կացությունը։