Միավորված ազգերի կազմակերպությունը դատապարտում է Հայաստանում անհատների եւ խմբերի նկատմամբ վերջին բռնությունների եւ անհանդուրժողականության արտահայտումներն ու գործողությունները` հիմնված սեռական դիրքորոշման եւ գենդերային ինքնության վրա: Այս բովանդակությամբ հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը:

Հայտարարությունում, նաեւ ասվում է.

«Այսպիսի արտահայտումներն ու գործողությունները երբեք եւ ոչ մի պարագայում չեն կարող արդարացվել, եւ հասարակական դիրքը չպետք է օգտագործվի որպես խտրականության եւ անհանդուրժողականության խթանման գործիք:   

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը եւ մարդու իրավունքներին վերաբերող այլ փաստաթղթերը, որոնց Հայաստանը անդամակցել է, հաստատում են պետությունների կողմից հստակ պարտավորվածություններ` պաշտպանելու մարդկանց խտրականությունից` սեռական կամ այլ կարգավիճակի վրա հիմնված:

Մարդու համընդհանուր իրավունքները միշտ գերակայում են, երբ նույնիսկ լարվածություն կա մշակույթի եւ մարդու համընդհանուր իրավունքների միջեւ:

Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ է անում հայաստանյան իշխանություններին հետամուտ լինել այս բնագավառում անպատժելիության ներկայիս մթնոլորտի վերացմանը` այս գործողությունները արագ եւ խորապես հետաքննելով, եւ ապահովել բոլորին ազգային ու միջազգային փաստաթղթերով երաշխավորված պաշտպանությունը»:

Ավելի վաղ NEWS.am-ը նշել էր, որ մայիսի 15-ին պայթեցրել էին DIY ակումբը, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների, այցելում են նաեւ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Ավելի ուշ եւս մի քանի հարձակումներ էին կատարվել ակումբի վրա: Ակումբի պայթեցման փաստի առթիվ հարուցվել է քրգործ, պայթեցնողներին հայտնաբերել են, սակայն նրանց ոստիկանությունն ազատ է արձակել, իսկ մյուս երկու հարձակումների փաստերով ոստիկանությունը քրգործ չի հարուցել: