Ավստրալիայում անկախ պատգամավոր Հելեն Հեյնսը վնասվածքներ է ստացել այն բանից հետո, երբ Մելբուռնից հյուսիս-արևելք գտնվող Վանգարատա քաղաքում մի ավտոմեքենա նրա գրասենյակի մոտ դիտավորյալ վրաերթի է ենթարկել իրեն։ Այս մասին հայտնել են Վիկտորիա նահանգի ոստիկանությունն ու Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը, փոխանցում է «Report»-ը։

Ոստիկանության տվյալներով՝ միջադեպից հետո բերման է ենթարկվել 43-ամյա կասկածյալը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Մամուլի ասուլիսի ժամանակ Ալբանիզն իր զորակցությունն է հայտնել տուժած պատգամավորին, նրա ընտանիքին, ընկերներին, գործընկերներին ու տեղի համայնքին։

Վիկտորիա նահանգի ոստիկանության սուպերինտենդանտի պաշտոնակատար Էշլի Մեյսոնը հայտնել է, որ բնակչության համար որևէ վտանգ այլևս չկա։

Հավելենք, որ Ավստրալիայի խորհրդարանի ստորին պալատում (Ներկայացուցիչների պալատ) 150 պատգամավորից 10-ն անկախ են։