Չնայած աշխարհում գնաճային ճնշման աճին՝ Հայաստանում իրավիճակը մնում է կառավարելի և առայժմ չի պահանջում արտակարգ միջոցների կիրառում։ Այս մասին «Ուժի գործոն» հաղորդման եթերում հայտարարել է «Ամերիա» խորհրդատվական ընկերության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։

Նրա գնահատմամբ՝ գների ընթացիկ դինամիկան չի վկայում այնպիսի լուրջ գնաճային ռիսկերի առկայության մասին, որոնք կարող էին պայմանավորել ծայրահեղ քայլերի անհրաժեշտությունը։ Ջրբաշյանը նշել է, որ Հայաստանն այսօր գտնվում է բարձրացված գնաճի պայմաններում՝ թե՛ նախորդ ժամանակաշրջանների համեմատ, թե՛ համաշխարհային իրավիճակի համատեքստում։ Միևնույն ժամանակ, գների աճը մնում է այն սահմաններում, որոնք թույլ են տալիս վերահսկել իրավիճակը։ Ընթացիկ տարվա գնաճային թիրախները սահմանվել էին ավելի բարձր մակարդակում, քան անցյալ տարի, ինչը տնտեսագետը տրամաբանական է համարում՝ հաշվի առնելով ստեղծված հանգամանքները։ Նա ակնկալում է, որ գնաճը կմնա նախատեսված միջակայքի սահմաններում։

Բացատրելով իր գնահատականը՝ Ջրբաշյանը ուշադրություն է հրավիրում գների ներկայիս աճի բնույթի վրա։ Գնաճային ճնշման զգալի մասը պայմանավորված է արտաքին գործոններով, որոնք Հայաստանը չի կարող ամբողջությամբ վերահսկել։ Բաց տնտեսության համար, որը կախված է միջազգային շուկաներից և արտաքին մատակարարումներից, նման գործընթացները լրացուցիչ բարդություններ են ստեղծում տնտեսական քաղաքականության իրականացման հարցում։

Մասնավորապես, գնաճը զսպելու հարցում Կենտրոնական բանկի հնարավորությունները մեծապես կախված են գների աճի պատճառներից։ Եթե գնաճը ձևավորվում է հիմնականում ներքին պահանջարկի հաշվին, ապա դրամավարկային գործիքները, ներառյալ տոկոսադրույքների փոփոխությունը, հնարավորությւոն են տալիս ազդելու սպառողական և տնտեսական ակտիվության վրա։ «Երբ առաջանում է առաջարկի գնաճ, որը պայմանավորված է արտաքին գործոններով, կենտրոնական բանկերի հնարավորությունները գների աճի վրա ազդելու համար շատ ավելի սահմանափակ են»,- պարզաբանել է տնտեսագետը։

Ջրբաշյանը, միաժամանակ, նշում է, որ Հայաստանը վերջին տասնամյակներին ընդհանուր առմամբ եղել է համեմատաբար ցածր գնաճի պայմաններում։ Ըստ նրա՝ նույնիսկ գների ներկայիս աճի ֆոնին երկիրը տարածաշրջանի այլ պետություններից և համադրելի տնտեսություններից տարբերվում է համեմատաբար չափավոր գնաճային դինամիկայով։

Նրա գնահատմամբ՝ դա կապված է նաև հայկական տնտեսության կառուցվածքային առանձնահատկությունների և դրամավարկային գործոնների հետ։ Միաժամանակ տնտեսագետը շեշտում է, որ արտաքին ռիսկերի վրա ազդելու սահմանափակ հնարավորությունները չեն նշանակում, թե դրանք պետք է անտեսել։ Ընդհակառակը, ներկայիս իրավիճակը պահանջում է հասկանալ գլոբալ գործընթացները, որոնք ձևավորում են տնտեսական անորոշություն և մեծացնում առանձին երկրների համար ռիսկերը։

Ջրբաշյանը անորոշության խորացումը կապում է լայնածավալ աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ, որոնք, նրա կարծիքով, ավելի խորքային գործընթացի՝ համաշխարհային տնտեսության և միջազգային համակարգի մասնատման հետևանք են։ Այս փոփոխությունները ազդում են ամբողջ աշխարհում ռիսկերի գնահատման վրա՝ բարդացնելով տնտեսական իրավիճակի կանխատեսումը և բարձրացնելով պետությունների՝ նոր պայմաններին հարմարվելու կարողությանը ներկայացվող պահանջները։

Ընդսմին, տեղի ունեցող գործընթացները պարունակում են ոչ միայն սպառնալիքներ, այլև որոշակի հնարավորություններ։ Ուստի, տնտեսագետի կարծիքով, Հայաստանը չպետք է ձևացնի, թե գլոբալ փոփոխություններն իրեն չեն առնչվում, կամ սպասողական դիրքորոշում որդեգրի՝ անտեսելով տեղի ունեցողը։ «Ես խորապես համոզված եմ, որ այս փոփոխությունները և հենց մասնատումն է՛լ ավելի են ընդգծում մեր պատմական դերը՝ որպես երկիր, որպես էթնոս, որպես ազգ։ Եթե մենք գործենք ավելի հավասարակշռված և ճիշտ արձագանքենք տեղի ունեցողին, ապա կկարողանանք այս իրավիճակը ծառայեցնել մեր օգտին»,- հայտարարել է Ջրբաշյանը