Հայաստանը և Կոլումբիան COP17 համաժողովի շրջանակում հայտարարել են անհետացող տեսակների վերականգնմանն ուղղված գործողությունների նոր միջազգային կոալիցիա (CARES — Coalition of Action to Recover Endangered Species) ստեղծելու մտադրության մասին։
CARES-ը միջկառավարական միջազգային նախաձեռնություն է, որի նպատակն է արագացնել անհետացման եզրին գտնվող տեսակների պահպանման և վերականգնման քայլերը՝ նպաստելով Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի չորրորդ նպատակի իրագործմանը։
Նախաձեռնությունը համատեղ գլխավորում են Հայաստանն ու Կոլումբիան, իսկ որպես քարտուղարություն հանդես է գալիս «Reverse the Red Action Partnership» կազմակերպությունը։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է, որ Կունմին-Մոնրեալի ծրագրի չորրորդ նպատակը կոչ է անում հրատապ միջոցներ ձեռնարկել՝ մարդու գործունեության հետևանքով կենսատեսակների ոչնչացումը կանխելու, ինչպես նաև դրանց պահպանումն ու վերականգնումն ապահովելու համար։
«CARES նախաձեռնությունը կոչված է օգնելու երկրներին այս ոլորտում հասնել շոշափելի արդյունքների։ Առանձին տեսակների վրա կենտրոնացած համագործակցությունն անհրաժեշտ է, քանի որ ընդհանուր միջոցառումները՝ բնակության միջավայրի պահպանումն ու վերականգնումը, ինվազիվ տեսակների դեմ պայքարը կամ կլիմայական ռիսկերի նվազեցումը, կարող են բավարար չլինել վտանգված յուրաքանչյուր կոնկրետ տեսակի համար։ Ամեն տեսակ բախվում է յուրահատուկ վտանգների և պահանջում է վերականգնման հատուկ մոտեցումներ։
Նպատակային գործողությունները պետք է հիմնվեն գիտական տվյալների և յուրաքանչյուր տեսակի վիճակի գնահատման վրա։ CARES-ը երկրներին հնարավորություն կտա օգտվել միմյանց փորձից, հասանելիություն ստանալ տեսակների վերականգնման գործնական գործիքներին ու մեթոդներին, ինչպես նաև համագործակցել փորձագետների միջազգային ցանցի հետ։
Հայաստանի համար նման մոտեցումը սկզբունքային նշանակություն ունի։ Տեսակների պահպանումը պահանջում է սերտ համադրում գիտական հանրության, պետական մարմինների և տեղերում իրականացվող գործնական քայլերի միջև։ Այս համագործակցության հաջողությունն ի վերջո պետք է գնահատվի հենց բնության վիճակով. արդյո՞ք նվազել են վտանգները, բարելավվե՞լ են տեսակների գոյատևման հեռանկարները, վերականգնվո՞ւմ են դրանց պոպուլյացիաները։ Մեր ընդհանուր նպատակն է հասնել նրան, որ այսօր վտանգի տակ գտնվող տեսակները վաղը վայրի բնության մեջ ունենան գոյատևման և վերականգնման առավել անվտանգ պայմաններ»,— նշել է Հայաստանի փոխնախարարը։
Նա հավելել է, որ Հայաստանն ուրախ կլինի, եթե հարևան երկրները ևս միանան այս կոալիցիային։
Կոլումբիայի շրջակա միջավայրի և կայուն զարգացման փոխնախարար Դավիդ Ֆելիպե Օլարտե Ամայան իր հերթին հայտնել է, որ երկու ամսվա ընթացքում հաջողվել է համագործակցություն հաստատել նաև «Bezos Earth Fund» հիմնադրամի և «Reverse the Red Action Partnership» կազմակերպության հետ։
Նա պարզաբանել է, որ CARES կոալիցիայի շրջանակում Հայաստանն ու Կոլումբիան միավորում են ջանքերը՝ մյուս երկրներին ներգրավելով տեսակների վերականգնմանն ուղղված հստակ քայլերի, գիտական գործակցության, ինչպես նաև ռեսուրսների ու ներուժի համախմբման գործում։
«Մենք շատ ուրախ ենք, որ այս կոալիցիային արդեն միացել է շուրջ 17 երկիր»,— եզրափակել է փոխնախարարը։











