Հայաստանում շատ դժվար է գտնել էժան և որակով դեղորայք, ինչով պայմանավորված շատ հաճախ մեր հայրենակիցները ստիպված են լինում խնդրանքով դիմել իրենց բարեկամներին կամ ծանոթներին, որոնք վերադառնալիս կամ ժամանելիս են լինում Հայաստան, որպեսզի իրենք իրենց հետ դեղորայք բերեն: Այս մասին Facebook-ում «Ուժեղ Հայաստան» կուսակցության էջում տարածված տեսանյութում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ուժեղ Հայաստանը» նախընտրական իր քարոզարշավի ընթացքում ներկայացրել էր տնտեսական այն հինգ քայլերը, որոնք միտված էին փոփոխություն բերել մեր հայրենակիցներին և ապահովել բարեկեցություն մեր հայրենակիցների համար։ Այդ քայլերից մեկը նաև «էժան դեղորայք բոլորի համար» ծրագիրն էր, որը նախատեսվում էր առնվազն 20%-ով իջեցնել դեղորայքի գինը Հայաստանում։
Այսօր Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ գրանցված է 3900 դեղամիջոց, ինչը նշանակում է, որ մեր քաղաքացիների ընտրությունը, ի տարբերություն ԵՄ–ի կամ Վրաստանի քաղաքացիների սահմանափակ է, որովհետև Վրաստանում գրանցված է շուրջ երեք անգամ ավելի շատ դեղամիջոց, իսկ Եվրոպական Միությունում գրանցված դեղամիջոցների թիվը հասնում է 25000-ի։
«Ուժեղ Հայաստանը», չնայած խորհրդարանական ընդդիմություն լինելուն, հետամուտ է եղել իր նախընտրական խոստմանը և արդեն իսկ շրջանառության մեջ է դրել «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով որ առաջարկվում է հեշտացված ընթացակարգ ԵՄ–ում գրանցված դեղերի համար։ «Ուժեղ Հայաստանի» նախաձեռնությունը միտված է Հայաստանի քաղաքացիներին ապահովել եվրոպական չափանիշներով բարձր որակի և էժան դեղորայքի հնարավորությունը։
Համապատասխան փոփոխությունը արդեն իսկ շրջանառվել է և շատ շուտով «Ուժեղ Հայաստանը» այս նախաձեռնությունը քննարկելու է մյուս խմբակցությունների հետ և ակնկալում է, որ համապատասխան քննարկումների արդյունքում մենք կկարողանանք նշված օրենսդրական նախագիծը ընդունել և մեկ քայլով բարելավել մեր քաղաքացիների կյանքը։ Մեր կարգախոսն է էժան դեղեր բոլորի համար, առողջ և ուժեղ Հայաստան»։



























