Իտալիան Ֆրանսիայում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել գրանցվել հատուկ կայքում կամ հավելվածում, որպեսզի անհրաժեշտության դեպքում իշխանությունները կարողանան պարզել նրանց գտնվելու վայրը։ Իտալացիներին նաև խորհուրդ է տրվել խուսափել մարդաշատ վայրերից և ցուցաբերել առավելագույն զգուշավորություն։

Գերմանիայի արտգործնախարարությունը նախազգուշացրել է, որ առաջիկա օրերին Ֆրանսիայում նոր անկարգություններ չեն բացառվում, և գերմանացիներին հորդորել է հետևել տեղի ոստիկանության ցուցումներին։ Գերատեսչությունը նաև հիշեցրել է, որ իշխանությունների պահանջով չարտոնված ցույցի վայրը չլքելու դեպքում քաղաքացիներին կարող են սպառնալ տուգանքներ կամ պատճառված վնասի փոխհատուցման պահանջներ։

Ֆրանսիայում գտնվող Չեխիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվել զերծ մնալ ցույցերից, երթերից և զանգվածային միջոցառումներից, հայտնել է ČTK լրատվական գործակալությունը։ Չեխիայի ԱԳՆ գնահատմամբ՝ Ֆրանսիայում անվտանգային իրավիճակը վատթարացել է։

Լեհաստանը ճանապարհորդների համար նախատեսված իր ուղեցույցում հորդորել է շրջանցել ցույցերի անցկացման վայրերը։ Ընդ որում՝ դեպի Ֆրանսիա ուղևորությունների անվտանգությանն առնչվող ընդհանուր հրահանգները գերատեսչությունը թողել է անփոփոխ։

Նիդեռլանդների կառավարությունը զբոսաշրջիկների համար նախատեսված հանձնարարականներում, որոնք վերջին անգամ թարմացվել էին հոկտեմբերի 7-ին, նույնպես զգուշացրել է ճանապարհորդներին՝ խուսափել Ֆրանսիայում բողոքի ակցիաներից։

Համանման նախազգուշացումներ են տարածել նաև Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Նորվեգիան։ Այդ երկրների իշխանությունները Ֆրանսիայում գտնվող իրենց քաղաքացիներին հորդորել են հեռու մնալ ցույցերից և հետևել տեղական իշխանությունների կարգադրություններին։