Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն հայտարարել է, որ իշխանությունները կարող են արտակարգ դրություն մտցնել, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա։ Սակայն այս փուլում բռնի բողոքներով պայմանավորված ճգնաժամը կարգավորելու համար նա ավելի նպատակահարմար միջոց է համարում պարետային ժամի սահմանումը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
«Ես լիովին վճռական եմ վերականգնելու կարգուկանոնը»,- հայտարարել է Լըկոռնյուն արտակարգ խորհրդակցությունից հետո՝ հավելելով, որ չի բացառում արտակարգ դրության մտցումը։ «Եթե անհրաժեշտ լինի, ես դա կանեմ»,- ընդգծել է վարչապետը։
«Սակայն ներկա հանգամանքներում պարետային ժամի սահմանումը և համապատասխան միջոցների իրականացումը թվում են ավելի նպատակահարմար լուծում՝ հաշվի առնելով այն իրավիճակը, որի հետ կարող ենք բախվել»,- պարզաբանել է նա։
Ֆրանսիայում արտակարգ դրությունն իշխանություններին սովորական ոստիկանական միջոցների շրջանակից դուրս ժամանակավոր լիազորություններ է տալիս։ Դրանք կարող են կիրառվել հասարակական կարգին կամ ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգին ի պատասխան։
Նման միջոցները կարող են ներառել պարետային ժամի սահմանում, տեղաշարժի սահմանափակումներ և հրապարակային ցույցերի արգելք։
Լըկոռնյուն հայտնել է, որ տարածաշրջանային իշխանություններին խնդրել էերկուշաբթի երեկոյան տեղաշարժի տեղային սահմանափակումներ սահմանել, մասնավորապես՝ ձեռնարկությունների և խանութների պաշտպանության համար։
Այն տարածքների քարտեզը, որտեղ գործելու է պարետային ժամը, նախատեսվում էր հրապարակել ավելի ուշ՝ երկուշաբթի, քաղաքապետերի հետ խորհրդակցություններից հետո։



























