Տարեց զույգի լուսանկարը, որոնց, իբր, Ֆրանսիայում անկարգությունների մասնակիցները մերկացրել ու թալանել էին, կարող էր ստեղծված կամ խմբագրված լինել արհեստական բանականության օգնությամբ։ Սոցցանցերում հրապարակված լուսանկարը X-ում հավաքել է գրեթե վեց միլիոն դիտում և լայնորեն տարածվել է երկրում զանգվածային ջարդերի ֆոնին։

Պատկերում տղամարդն ու կինը ներքնազգեստով կանգնած են ամբողջովին սև հագնված մի քանի տղամարդկանց շրջապատում։ Լուսանկարը հրապարակել էին նաև մի շարք ոստիկանական արհմիությունների ներկայացուցիչներ, երբ անցած հանգստյան օրերին ֆրանսիական քաղաքների փողոցները պատվել էին անկարգություններով։

Սակայն պատկերում բազմաթիվ անհամապատասխանություններ են հայտնաբերվել։ Google-ի SynthID Detector գործիքի միջոցով ստուգումը ցույց է տվել, որ լուսանկարը ստեղծվել է արհեստական բանականությամբ։ Ֆրանսիական լրատվամիջոցները ևս հայտնել են, որ պատկերը, ենթադրաբար, գեներացվել է ԱԲ-ի միջոցով։

Լուսանկարում նկատվում են մի քանի բնորոշ սխալներ․ անկարգությունների ենթադրյալ երկու մասնակիցներ կարծես կիսում են մեկ զույգ ոտք, իսկ տարեց կնոջ ձեռքին, ըստ երևույթին, մեկ մատ պակասում է։ Բացի դրանից, հետին պլանում երկու մարդու դեմքերը միաձուլված տեսք ունեն, իսկ մեկ տղամարդու մոտ էլ, թվում է, բացակայում է մարմնի ստորին կեսը։

Մասնագիտացված ծրագրային ապահովման միջոցով ստուգումը հայտնաբերել է անտեսանելի ջրանիշ, որը ցույց է տալիս, որ պատկերը ստեղծվել կամ խմբագրվել է գեներատիվ արհեստական բանականությամբ։

Սոցցանցերում տարածված լուսանկարի սկզբնական տարբերակում նշված էր Google Gemini-ի կիրառման մասին։ Պատկերի մեկ այլ՝ ավելի հստակ տարբերակը, առկա տվյալներով, կապվել է OpenAI-ի տեխնոլոգիաների հետ։

Երկու դեպքում էլ պատկերներում հայտնաբերվել է անտեսանելի SynthID ջրանիշը, որն օգտագործվում է ԱԲ-ի միջոցով ստեղծված բովանդակությունը նշագրելու համար։

Թալանի մասին հաղորդումները դեռ չեն հաստատվել

Լուսանկարի տարածումից դեռ առաջ ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել էին, որ Փարիզի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ շուրջ 80 տարեկան տարեց զույգը կողոպտվել է։ Այդ տվյալներով՝ ամուսիններին թողել էին գրեթե առանց հագուստի։

Սակայն տեղական պարբերականները ճշտել էին, որ փարիզյան ոստիկանությունը դեռ չի հաստատել տեղի ունեցածը։

Չնայած այն նշաններին, որ պատկերը ստեղծվել է արհեստական բանականությամբ, սոցիալական ցանցերի շատ օգտատերեր շարունակել են այն տարածել՝ կարծելով, թե լուսանկարն իսկական է։