Իրանի ղեկավարությունն առաջիկա շաբաթները վճռորոշ է համարում և ձգտում է մինչև նոյեմբերի 3-ին անցկացվելիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առավելագույն վնաս հասցնել։ Թեհրանը հաշվարկում է, որ քվեարկությունից հետո Թրամփն ավելի քիչ կախված կլինի ամերիկացիների՝ էներգակիրների բարձր գներից առաջացած դժգոհությունից, ուստի այժմ ուժեղացնում է հարձակումները Հորմուզի նեղուցում, հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով իրանցի պաշտոնյաներին և տարածաշրջանի դիվանագետներին։
Ըստ Իրանի երկու ներկայացուցիչների՝ երկրի իշխանությունները ընտրություններից առաջ ընկած ժամանակահատվածը դիտարկում են որպես ամերիկյան նախագահի վրա ճնշումն ուժեղացնելու առանցքային փուլ։ Արաբ և արևմտյան դիվանագետների պնդմամբ՝ իրանցի որոշ պաշտոնյաներ մտադիր են ընտրություններում «պատժել» Թրամփին՝ ինչպես 1980 թվականին Իրանում ամերիկացի պատանդների ճգնաժամը բարդացրեց նախագահ Ջիմի Քարթերի վերընտրվելը։
«Նրանք տարված են այդ գաղափարով։ Նրանք կարծում են, որ կարող են կործանել նախագահությունը»,- հայտարարել է արաբ դիվանագետը։
Միևնույն ժամանակ Kpler վերլուծական ընկերության տվյալները ցույց են տալիս, որ օգոստոսի կեսերից մինչև սեպտեմբերի վերջ Հորմուզի նեղուցով նավթափոխադրումների ծավալներն աճել են։ Վերջին ամսվա առանձին օրերին նավթի արտահանումը գրեթե հասել է նախապատերազմյան ցուցանիշներին։
Սակայն ծովային փոխադրումների ռիսկերն ու ծախսերը մնում են բարձր, ինչը շարունակում է աջակցել էներգակիրների համաշխարհային գներին։ Kpler-ի Մերձավոր Արևելքի էներգետիկ հետազոտությունների ղեկավար Ամենա Բաքրի գնահատմամբ՝ աշխարհաքաղաքական ռիսկերը նավթի մեկ բարելի արժեքին ավելացնում են մոտ 30 դոլար։
«Չի կարելի համարել, թե իրավիճակը վերադարձել է այն պայմաններին, որոնք կային պատերազմից առաջ»,- ընդգծել է նա։
ԱՄՆ-ում սպասվող ընտրությունները կարևոր տեղ են զբաղեցնում նաև իրանական լրատվամիջոցներում։ Պետական հեռուստատեսությունը քննարկում է էներգակիրների գների կտրուկ աճը և վերլուծում, թե ինչպես Կոնգրեսում հանրապետականների հնարավոր կորուստները կարող են սահմանափակել պատերազմը շարունակելու Թրամփի կարողությունը նախագահական ժամկետի երկրորդ կեսին։ Լրատվամիջոցների տեսություններում պարբերաբար հայտնվում են ամերիկյան նախագահի վարկանիշների թարմ տվյալները։
Իրանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մոհսեն Ռեզային պետական Press TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը պատասխանում է ամերիկյան գործողություններին՝ ամեն գիշեր հարձակվելով «հինգ կամ վեց» նավերի վրա։
«Թրամփը դիմել է մաքսանենգության՝ վարձելով մի խումբ մարդասպանների, որոնք գործում են Օմանի առափնյա ջրերում»,- պնդել է Ռեզային։
Նա նաև սպառնացել է, որ լայնածավալ պատերազմի վերսկսման դեպքում կընդլայնվեն հարվածները տարածաշրջանի ենթակառուցվածքների նկատմամբ։ Ըստ նրա՝ թիրախ կարող են դառնալ կապի մալուխները, տվյալների մշակման կենտրոնները և արհեստական բանականության օբյեկտները, որոնք բարձր արժեք ունեն։
Սակայն Թեհրանի նպատակը չի սահմանափակվում ամերիկյան ընտրությունների վրա ազդելով։ Նեղուցում հարձակումների ուժեղացմամբ Իրանը նաև փորձում է վերականգնել բանակցային դիրքերը, որպեսզի հասնի պատերազմի դադարեցմանը, նշում է արևմտյան դիվանագետը։
Խորացող տնտեսական ճգնաժամի և աճող միջազգային մեկուսացման ֆոնին Իրանի ղեկավարությունում ուժեղանում են մտավախությունները, որ արդեն մի քանի ամիս անց պետությունը կարող է բախվել հիմնական գործառույթների կատարման դժվարությունների, դրանց թվում՝ անվտանգության ուժերին աշխատավարձեր վճարելու հարցում։
Չնայած երկու կողմերի վրա գործադրվող ճնշմանը՝ Իրանի և ԱՄՆ-ի բանակցային թիմերը դեռ պատրաստ չեն էական զիջումների։ Երկու երկրների ներկայացուցիչների վերջին բարձր մակարդակի հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերին ՄԱԿ-ում։ Կողմերը փոխանակվել են առաջարկներով, և իրանցի որոշ բարձրաստիճան ղեկավարներ փորձել են համաձայնության հասնել մինչև ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունները։ Սակայն ըստ բանակցությունների ընթացքին ծանոթ իրանցի պաշտոնյայի՝ Թեհրանը մերժել է բանակցությունների սկզբնական փուլում միջուկային զիջումների գնալու ամերիկյան պահանջը։
Վաշինգտոնի Միջազգային քաղաքականության կենտրոնի իրանցի հետազոտող Նեգար Մորթազավիի կարծիքով՝ ընտրություններից առաջ ճնշումը պետք է ազդակ դառնա ոչ միայն ներկայիս վարչակազմի, այլև ԱՄՆ-ի ապագա նախագահների համար։
«Իրանցի պաշտոնյաները ցանկանում են ցույց տալ, որ երկրի վրա հարձակումը բերում է բարձր քաղաքական գնի, այդ թվում՝ ընտրություններում պարտվելու ռիսկի»,- հայտարարել է Մորթազավին։
«Թեհրանը մտածում է ոչ միայն Թրամփի մասին։ Նա ցանկանում է, որ ապագա ամերիկյան նախագահները հիշեն, թե ինչ է պատահել նրա հետ, նախքան Իրանի դեմ նոր պատերազմ սանձազերծելը»։





























