Քանաքեռում քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի՝ «Քանաքեռցի Տույի», ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի և ևս երկու անձի սպանությունից շուրջ հինգ տարի անց հրապարակվեց դատավճիռը։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, Վլադիմիր և Հովհաննես Սիմոնյաններին և Արսեն Ալեքսանյանին դատապարտել է ազատազրկման՝ 8 տարի 6 ամիս ժամկետով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է դատարանից։ Նշենք, որ մեղադրյալներից Հակոբ Սիմոնյանն արդարացվել է։ Արտուշ Սիմոնյանը, ով դեպքի ժամանակ ևս սպանվել է, մեղավոր է ճանաչվել։

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման պատիժը գրեթեր արդարացում գնահատեց, նկատեց՝ այդ հանցանքի համար պատիժը սկսվում է 12 տարուց։ Հանրային մեղադրողը և տուժող կողմը միջնորդել էին մեղադրյալներին դատապարտել 19, 17, 15 տարվա ազատազրկման։

«Նման դատավճիռ չէինք լսել։ Դատախազն ուզում է 19 տարի, դատարանը տալիս է 8 տարի, այսինքն՝ 11 տարի ավելի քիչ, սա համարյա արդարացման վերդիկտ էր։ Խմբի կազմում սպանության համար 8 տարի, պատկերացնու՞մ եք»,- ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ դատավճիռը ստանալուց և ծանոթանալուց հետո բողոք կներկայացնեն։

Հիշեցնենք, որ 2021թ նոյեմբերի 11-ին՝ ժամը 02.30-ի սահմաններում զինված ընդհարում է տեղի ունեցել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տանը, որի հետևանքով 4 անձ սպանվել է։ Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 45 պարկուճ և գնդակ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ (2003թ․) քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության և ապօրինի կերպով զենք պահելու համար։

Դեպքից հետո տարբեր աղբյուրներ հայտնում էին, որ կողմերի միջեւ առկա տարաձայնությունների քննարկման ժամանակ առաջինը կրակել է քրեական հեղինակությունը՝ Քանաքեռցի Տույը, իսկ կրակոցներն արձակվել են Արայիկ Հարությունյանի կողմից պարգեւատրված զենքով, ինչին հաջորդել են արդեն Արտուշ Սիմոնյանի կողմի կրակոցները։ Դատարան ուղարկված գործով տուժողի կարգավիճակ ունի Արթուր Ղազարյանը՝ Քանաքեռցի Տույը, մեղադրյալի կարգավիճակում՝ մահացած Արտուշ Սիմոնյանը և վերջինիս որդիները։

Արտուշ Սիմոնյանի որդիները դեմ են եղել հոր մահվան հիմքով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդման դադարեցմանը։

Ըստ մեղադրանքի, Արտուշ Սիմոնյանը, որդիների՝ Վլադիմիր, Հովհաննես, Հակոբ Սիմոնյանների, մտերիմներ Արսեն Ալեքսանյանի և Տիգրան Հարությունյանի հետ, նախնական համաձայնության գալով խմբի կազմում, Արթուր Հայկի Ղազարյանին, Արայիկ Բորիսի Խաչատրյանին, Արթուր Աշոտի Բորյանին, Գևորգ Արթուրի Ջաբուրյանին և Գեղամ Արտուշի Ղազարյանին սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, 2021 թվականի նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:36-ի սահմաններում, Երևան քաղաքի Քանաքեռ 16-րդ փողոցի 16 Ա տան բակում, վերջիններիս հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նախապես ապօրինի կերպով ձեռք բերված և իրենց մոտ ապօրինի կերպով պահվող հրազեններով, փոխլրացնելով միմյանց գործողությունները՝ ատրճանակներով կրակել և ապօրինաբար կյանքից զրկել են Արթուր Ղազարյանին, Արայիկ Խաչատրյանին և Արթուր Բորյանին, իսկ Գեղամ Ղազարյանին և Գևորգ Ջաբուրյանին պատճառել են հրազենային վնասվածքներ և վերջիններիս սպանությունն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ՝ Գ.Ղազարյանի և Գ.Ջաբուրյանի փախուստի դիմելու հանգամանքով պայմանավորված: Մեղադրյալի կարգավիճակում են նաև Արտուշ Սիմոնյանի երեք որդիները։

Վլադիմիր Սիմոնյանը, Հովհաննես Սիմոնյանը մեղադրվում են կազմակերպված խմբի կողմից սպանության և ապօրինի զենք պահելու հատկանիշներով, իսկ Հակոբ Սիմոնյանին մեղսագրվում է սպանության փորձը։ Սպանության հատկանիշներով մեղադրվում է նաև Սիմոնյանների մտերիմ Արսեն Ալեքսանյանը։ Սպանության շարժառիթի պաշտոնական վարկածի համաձայն՝ Վլադիմիր Սիմոնյանը, երբ եղել է Կենդանաբանական այգում տնօրեն, կենդանիների համար մատակարարվել է միս, մրցույթ է հայտարարվել, մատակարար հանդիսացող ընկերության կողմից հանդես է եկել Արթուր Ղազարյանը, գումարային խնդիրներ են առաջացել՝ 100 մլն դրամի չափով, որից 80 մլն դրամը վճարվել է, 20 մլն դրամի մասով՝ եղել է շորթում։ Այդ դրվագով առանձին քրեական վարույթ կա, որը ևս դատարան է ուղարկվել․ այդ մասով մեղադրյալը սպանության գործով տուժողներն են՝ Քանաքեռցի Տույը, ով մեղադրվում է ինչպես շորթման, այնպես էլ՝ քրեական ենթամշակույթի համար, ինչպես նաև՝ Արթուր Բորյանը։