ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինային մեղադրել է Սև ծովում ամերիկյան ընկերություններին պատկանող էներգակիրներ տեղափոխող նավերի վրա հարձակումներ իրականացնելու մեջ և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն կոչ արել արյունալի պատերազմին վերջ դնելու միջոց գտնել։
«Մենք տեսել ենք հարվածներ Սև ծովում էներգակիրներ տեղափոխող նավերի վրա։ Եվ բազմաթիվ բողոքներ են ստացվել. ամերիկյան ընկերությունները զանգահարում են մեզ և ասում. «Լսեք, այն նավում, որը ուկրաինացիները հարձակվել էին, մեր նավթն էր»»,- հայտարարել է Ռուբիոն Breitbart-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի օրը։
«Միաժամանակ ես չեմ կարծում, որ Ուկրաինան նպատակաուղղված է հարձակվել այդ նավերի վրա։ Բայց դրանք իսկապես հարվածի տակ են հայտնվել։ Իսկ աշխարհն առանց այդ էլ բախվում է էներգետիկ ճգնաժամի,- հավելել է նա։- Մեզ պետք չեն իրավիճակը սրող լրացուցիչ գործոններ։ Եվ դժգոհություն է առաջացնում այն, որ, չնայած համապատասխան խնդրանքներին, նման միջադեպերը շարունակվում են»։
Երկուշաբթի Ռուբիոն նաև հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի դադարեցրել հետախուզական տվյալների փոխանակումը, որը նախատեսված էր Կիևին նախազգուշացնելու նախապատրաստվող ռուսական հրթիռային հարվածների մասին։
«Չգիտեմ՝ որտեղից է նա վերցնում այդ տեղեկությունը և ինչու է դրա մասին խոսում մամուլի հետ»,- ասել է Ռուբիոն Ուզբեկստանում լրագրողներին՝ մեկնաբանելով Զելենսկու հերթական բողոքը։
«Ոչ մի դադարեցում չի եղել։ Զելենսկին պետք է կենտրոնանա այս պատերազմին վերջ դնելու վրա»,- ընդգծել է պետքարտուղարը։




























